Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թայֆայական վիճակ՝ ըստ Մարիետա Բադալյանի

Հունվար 10,2012 14:23

Երգչուհին չունի հովանավոր եւ մուտք՝ եթեր

Երգահան ու երգչուհի Մարիետա Բադալյանը արդեն շուրջ 35 տարի է, ինչ երգարվեստում իր անհատական գործունեությունն է ծավալում: Սակայն նրա գործունեությունը «բեմական» անվանելը փոքր-ինչ հարաբերական կլինի: Այսօր նրան գրեթե չենք տեսնում բեմահարթակներում, հեռուստատեսությունում: Պատճառները փորձեցինք պարզել երգչուհուց:

– Ի՞նչ որակում կտաք այսօրվա երգարվեստին:

– Ազատությունը վատ անդրադարձավ մեր երգարվեստի վրա, վերջինս էլ իր հերթին ազդեց ժողովրդի մակարդակի վրա: Ով հասցրեց՝ ներխուժեց եթեր ու ամեն բան վերածվեց շիլա-փլավի:

– Պատճառը միայն ազատությո՞ւնն էր:

– Ոչ միայն, օրինակ՝ խորհրդային տարիներին կային բազում մարմիններ, որոնց թույլտվությունը ստանալուց հետո միայն կարող էիր ինչ-ինչ բաներ քեզ թույլ տալ: Իհարկե, դա էլ մի բան չէր, բայց կային քննադատներ, որ ուղենիշ էին սահմանում այս կամ այն արվեստագետի համար: Հիմա ոչինչ էլ չկա, մակարդակ՝ նույնպես:

– Ձեզ այսօր բեմերում, եթերում չենք տեսնում…

– Ամենուրեք իշխում են թայֆայական վիճակները:

– Ուզում եք ասել՝ երգելն է՞լ է ծանոթով:

– Իհարկե, նաեւ «շեֆերի» կամեցողությամբ… Ժամանակին ԽՍՀՄ ողջ տարածքում կար մի ընկերություն, որ զբաղվում էր ժողովրդի մեծամասնության կողմից սիրված երգիչ-երգչուհիների երգերի ձայնագրությամբ, եւ այդ երգերը «Մելոդիա» ստուդիայի ձայնագրությամբ հանձնվում էին ժողովրդին: Սոցիոլոգիական հարցումներից մեկի ժամանակ ես էի ճանաչվել ժողովրդի կողմից սիրված երգչուհի եւ ձայնագրվել էր իմ սկավառակը, որ այնքան մեծ պահանջարկ ուներ, որ վաճառվել էր անգամ Ճապոնիայում ու վերաթողարկվել էր մի քանի անգամ: Այս նախագծի հեղինակն էլ՝ Ալեքսանդր Օսիպովը, հաշվի առնելով այդ փաստը, զանգահարում է Հանրային հեռուստաընկերություն եւ առաջարկում՝ «Երգ երգոց» հաղորդաշարի մեկ հաղորդում նվիրել Մարիետա Բադալյան հեղինակ-կատարողին: Պատասխանը հստակ է լինում ու չոր՝ «Է՜, հիմա ո՞վ է ճանաչում Մարիետա Բադալյանին»:

– Ամեն դեպքում, ի՞նչ ծրագրեր ունեք Ձեր ստեղծագործական գործունեության հետ կապված:

– Երբեմն դուրս եմ գալիս, հանգիստ քայլում եմ, ինձ թվում է՝ մարդիկ արդեն չեն հիշում ինձ, բայց սխալվում եմ. ինձ հիշում է այն հասարակությունը, ով իսկապես ճաշակ ունի: Եթե կարողանամ հովանավոր գտնել, որ ինչ-որ չափով նաեւ ստորացուցիչ է ինձ համար, համերգ կկազմակերպեմ այն երկրպագուներիս համար, որ վաղուց սպասում են ինձ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031