Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական իրավունք. իրավական եւ կիրառական առանձնահատկությունները

Հունվար 10,2012 14:30

  Ընտրական իրավունքը անձի քաղաքական իրավունքներից է: Մարդու քաղաքական իրավունքներն ու ազատությունները կազմում են նրա սահմանադրական իրավունքների ու ազատությունների մի խումբը` անձնական, սոցիալական, տնտեսական և մի քանի այլ իրավունքների հետ: Քաղաքական իրավունքներն ու ազատությունները քաղաքացիներին հնարավորություն են տալիս մասնակցելու երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Հենց դրանով է պայմանավորված քաղաքացիներին վերապահված ընտրելու իրավունքի իրականացման կարևոր նշանակությունը, քանի որ դրա միջոցով նրանք մասնակցում են պետության կառավարմանը:Ընտրական իրավունքը կարևոր նշանակություն ունի տվյալ երկրում ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելիս և այն իրացնելիս: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունը չի կարող իրականացնել այլ կերպ, քան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, որոնց ձևավորմանը մասնակցելու ամենաարդյունավետ միջոցը ընտրություններն են: Ընդ որում` քաղաքացին պետք է հնարավորություն ունենա ոչ միայն ընտրելու այդ մարմիններում իր ներկայացուցիչներին, այլև ընտրվելու և այդ կերպ իրացնելու իրեն պատկանող իշխանությունը: Ժողովրդի կողմից իրեն պատկանող իշխանության իրագործման նպատակով` պետության հիմնական օրենքում և այլ օրենքներով ամրագրվում են քաղաքացիների ընտրական իրավունքը, սահմանվում դրա արդյունավետ իրականացման նախադրյալները:

Մարդկությունը մշտապես որոնել է այն ուղիները, որոնք հնարավորություն կտային, որ ժողովուրդը որոշակի մասնակցություն ունենա պետական մարմինների ձևավորմանը: Այդ որոնումների արդյունքում սկսեցին ձևավորվել ժողովրդավարության նախնական պատկերացումները: Վաղ շրջանի Եվրոպայում ձևավորված հանրապետությունները հանդես էին գալիս 2 ձևով` արիստոկրատական, որոնցից էին, օրինակ, Սպարտան, Հին Հռոմը, և ժողովրդավարական, որոնցից էին հին հունական քաղաք-պետությունները, մասնավորապես` Աթենքը: Եթե արիստոկրատական հանրապետություններում բարձրագույն իշխանության մարմնի ընտրություններին մասնակցում էր միայն ազնվականությունը, ապա ժողովրդավարական հանրապետություններում` ողջ ազատ բնակչությունը: Այսինքն` ժողովրդավարական երկրներում իշխանության սոցիալական հիմքն ավելի լայն էր, քան մյուսներում: Չնայած նույնիսկ ժողովրդավարական երկրներում էր նկատվում որոշակի խտրականություն մարդկանց միջև, ինչի ապացույցն է այն, որ ընտրելու իրավունք ուներ միայն ազատ բնակչությունը, այնուամենայնիվ սա արդեն հիմք ծառայեց հետագայում ձևավորվող ընտրական իրավունքի համար, որը չի ընդունում որևէ խտրականություն:

Ընտրական իրավունքն իրացնելիս խտրականությունը հատկապես նկատելի էր կանանց նկատմամբ: Տևական ժամանակ կանայք օժտված չէին ընտրելու և ընտրվելու իրավունքով: Առաջին անգամ կանանց ընտրելու իրավունք տրվեց 1900-ականների սկզբին: Հայաստանի Հանրապետությունն առաջիններից էր, որ 1919թ. բացառում էր ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրացման որևէ խտրականություն, թեպետ չէր որոշակիացնում կանանց ընտրական իրավունքը:

Ժամանակակից ներկայացուցչական ժողովրդավարությունում քաղաքացիների հավասարությունը մարմնավորվում է ընտրական իրավունքում:Իրավունքը, ինչպես ցանկացած երևույթ, օբյեկտիվի և սուբյեկտիվի միասնություն է: Օբյեկտիվ և սուբյեկտիվ առումներով իրավունքի ընկալումը բնորոշ է նաև ընտրական իրավունքին: Այն իրավաբանական հասկացություն է, որն ունի երկու հիմնական նշանակություն: Oբյեկտիվ ընտրական իրավունքը սահմանադրական իրավունքի ինստիտուտ է` բաղկացած իրավական նորմերից,  որոնք կարգավորում են քաղաքացիների` ընտրություններին մասնակցելու  իրավունքների տրման և իշխանության ներկայացուցչական մարմինների ձևավորման կարգը: Սուբյեկտիվ իմաստով ընտրական իրավունքը ենթադրում է քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը: Սուբյեկտիվ ընտրական իրավունքը քաղաքացուն տրված հնարավորությունն է` մասնակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այն անձի կոնկրետ իրավունքների համալիր է, որոնցից պետք է առանձնացնել հատկապես ակտիվ և պասիվ ընտրական իրավունքը:

Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում և մի շարք այլ երկրներում քաղաքացին կարող է օգտվել, կարող է և չօգտվել իրեն տրված ակտիվ ընտրական իրավունքից, այսինքն` անձը պարտավոր չէ մասնակցել ընտրություններին: Սակայն կան նաև երկրներ, օրինակ` Բրազիլիան, որտեղ ընտրական իրավունքը համարվում է ընտրական «պարտք», այսինքն` քաղաքացին, ով ունի ընտրական իրավունք, պարտավո՜ր է մասնակցել ներկայացուցչական մարմինների ձևավորմանը` ընտրությունների միջոցով: Ընդ որում` ընտրություններին չմասնակցելը կարող է նույնիսկ հանգեցնել քաղաքացու նկատմամբ պատժի կիրառման (տուգանք կամ որոշ իրավունքներից զրկում):

Պասիվ ընտրական իրավունքը քաղաքացուն տրված հնարավորությունն է` ընտրվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անձի իրավունքն է` որպես թեկնածու գրանցվելու, այլ թեկնածուների հետ համահավասար նախընտրական քարոզչություն անցկացնելու, թեկնածուի` օրենքով վերապահված մյուս բոլոր իրավունքներից օգտվելու:Սովորաբար ակտիվ ընտրական իրավունքով անձինք օժտվում են ավելի վաղ տարիքում, քան պասիվ ընտրական իրավունքի դեպքում: Պասիվ ընտրական իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ է, որ անձն ունենա ակտիվ ընտրական իրավունք: Եթե անձն ունի ընտրվելու իրավունք, ուրեմն նա անպայման ունի նաև ընտրելու իրավունք: Սակայն դա չի նշանակում, որ եթե անձն ունի ակտիվ ընտրական իրավունք, ապա նա միշտ կարող է ունենալ նաև պասիվ ընտրական, այսինքն` ընտրվելու իրավունք, քանի որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու համար օրենսդիրը սահմանում է  այլ պահանջներ նույնպես: Օրինակ` ՀՀ Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածից բխում է, որ դատարանի վճռով անգործունակ ճանաչված, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները չունեն ընտրելու և ընտրվելու  իրավունք:

Անձանց շրջանակը, որոնց Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը օժտում են ընտրական իրավունքով, սահմանափակվում է ընտրական ցենզերով` ընտրական իրավունքի իրականացման հնարավորության համար նախատեսված որոշակի պայմաններով: Այդպիսի ցենզեր են, օրինակ, տարիքային, քաղաքացիության, նստակեցության, կրթության, սեռային, ռասայական, լեզվական, գույքային և այլ ցենզերը:

Տարիքային ցենզը քաղաքացու ընտրական իրավունքի ճանաչումն է որոշակի տարիք լրանալուց հետո: Երկրների մեծամասնությունում ակտիվ ընտրական իրավունքը սովորաբար սահմանվում է 18 տարեկանից (Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա): Երբեմն այդ տարիքային սահմանն ավելի ցածր է լինում (Բրազիլիայում, Կուբայում, Իրանում` 16 տարեկան), երբեմն` ավելի բարձր (Լատվիայում` 21): Պասիվ ընտրական իրավունքի համար, որպես կանոն, ավելի բարձր տարիք է պահանջվում, այն հիմնավորմամբ, որ անձը ձեռք է բերում որոշակի կենսափորձ և կարող է ավելի ճիշտ և կշռադատված որոշումներ ընդունել ու ավելի խելամիտ կառավարել երկիրը: Իտալիայում, օրինակ, նախագահ կարող է դառնալ 50 տարին լրացած անձը:

ՀՀ-ում նախագահի թեկնածուն պետք է լինի 35 տարին լրացած անձ, ԱԺ պատգամավորի թեկնածուն` 25, համայնքի ղեկավար` 25, իսկ համայնքի ավագանու անդամ` 21 տարին լրացած անձը: Ժողովրդավարական և անցումային ժողովրդավարության երկրներում, այդ թվում նաև` Հայաստանում, տարիքային վերին շեմ չի սահմանվում: Երբեմն ակտիվ ընտրական իրավունքի համար նույնպես սահմանվում է ավելի բարձր տարիք: Օրինակ` Իտալիայում խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում քվեարկելու իրավունք ունեն 18, իսկ վերին պալատի ընտրություններում` 25 տարին լրացած անձինք:

Երկրների մեծամասնությունը նախատեսում է նաև քաղաքացիության ցենզ, այսինքն` ընտրություններին կարող են մասնակցել տվյալ երկրի քաղաքացիները, որոնք որոշակի ժամանակահատված եղել են տվյալ երկրի քաղաքացի: Հայաստանում նույնպես սահմանվում է քաղաքացիության ցենզ: Մասնավորապես` ՀՀ նախագահի թեկնածու կարող է առաջադրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը կամ ԱԺ պատգամավորի թեկնածու` վերջին 5 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը:

Նախատեսվում է նաև նստակեցության (մշտական բնակության) ցենզ, որը ենթադրում է, որ տվյալ երկրում անձը կարող է օգտվել ընտրական իրավունքից միայն որոշակի ժամանակահատված այնտեղ բնակվելու դեպքում: Այն երկրներում, որտեղ նախատեսվում է այս ցենզը, սովորաբար օտարերկրացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք կարող են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութուններում օգտվել ընտրական իրավունքից` տվյալ երկրում որոշակի ժամանակահատված մշտապես բնակվելու դեպքում: Այդ երկրներից են Դանիան, Շվեդիան, Նիդերլանդները: Այդպիսի ցենզ է նախատեսվում նաև ՀՀ օրենսդրությամբ: Մասնավորապես, համայնքի ավագանու անդամ կարող են ընտրվել 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն 6 ամիսը հաշվառված, ՏԻՄ ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

Կրթական ցենզի առկայության դեպքում ընտրական իրավունք կարող են ունենալ միայն որոշակի կրթական մակարդակ ունեցող անձինք: Նշենք, որ այն այսօր գրեթե չի կիրառվում: Այսօր կիրառություն չունեն նաև գույքային և սեռային ցենզերը, որոնցից առաջինը ենթադրում է, որ ընտրական իրավունքով օժտվելու համար անձը պետք է ունենա օրենքով սահմանված նյութական միջոցներ, իսկ երկրորդը` որ կանայք իրավունք չունեն մասնակցել ընտրություններին: Ներկայումս նախատեսված չէ նաև ռասայական ցենզը, որի համաձայն` կոնկրետ ռասայի ներկայացուցիչները չեն կարող ընտրական իրավունք ունենալ:

Իրավունքի սկզբունքներն այն առաջնային, ելակետային դրույթներն են, որոնց վրա հիմնվում և որոնցով ներթափանցված է տվյալ իրավական համակարգը: Հիմնականում նշվում են ընտրական իրավունքի 4 հիմնական սկզբունքներ` ընդհանուր, ուղղակի, հավասար և գաղտնի քվեարկություն: Երբեմն նշվում են նաև այլ սկզբունքներ, օրինակ, հրապարակայնությունը, ազատությունը և այլն:

Սովորաբար պետությունների սահմանադրություններում միայն նշվում են ընտրական իրավունքի սկզբունքները, իսկ ավելի մանրամասն դրանք կարգավորվում են տվյալ երկրի օրենքներով: ՀՀ Սահմանադրությամբ նույնպես նախատեսվում են ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որոնք մանրամասն կարգավորվում են ՀՀ Ընտրական օրենսգրքով:

Ընդհանուր ընտրական իրավունքի էությունն այն է, որ պետությունը բոլոր ազատ և գործունակ քաղաքացիներին ընտրական իրավունք է վերապահում: Սովորաբար օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ընտրական իրավունքով չեն օժտվում: Սակայն հնարավոր են դեպքեր, երբ նշված անձինք օգտվում են ընտրական իրավունքից` ՏԻՄ ընտրությունների ժամանակ` տվյալ երկրում որոշակի ժամանակահատված բնակվելու դեպքում:

Ընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքի հիմքում օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունն է և խտրականության բացառումը անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

ՀՀ-ում ընտրություններն անցկացվում են նաև հավասար ընտրական իրավունքի հիման վրա: Հավասար ընտրական իրավունքը նշանակում է, որ պետությունը պետք է բոլոր ընտրողների համար հավասար պայմաններ ապահովի` ընտրական իրավունքն անխոչընդոտ իրականացնելու համար: Ընտրական իրավունքի հավասարության սկզբունքը դրսևորվում է նաև նրանում, որ բոլոր ընտրողները` անկախ իրենց ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական դիրքից, հավասար իրավունք ունեն: Տեսականորեն ուղղակի ընտրություններն ավելի ժողովրդավարական են, սակայն անուղղակի ընտրությունները հաճախ կարող են օգնել ավելի մասնագիտացված կազմ ձևավորելուն: Այսուհանդերձ, ուղղակի և անուղղակի ընտրությունների գնահատումը նրանց ժողովրդավարության տեսանկյունից չի կարող միանշանակ լինել, որովհետև այն կախված է կոնկրետ պայմաններից:

Ընտրական իրավունքի արդյունավետ իրականացման ապահովման համար կարևոր է նաև քվեարկության գաղտնիությունը, որն ընտրողի համար միայն իրավունք չէ, այլ նաև պարտականություն: Դրա ապահովման համար էլ նշվում է, որ քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է: Գաղտնի քվեարկության սկզբունքը նշանակում է քվեարկության այնպիսի անցկացում, որը բացառում է ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ որևէ վերահսկողություն: Գաղտնիությունը ապահովվում է մի քանի միջոցներով` քվեաթերթիկի վրա որևէ նշում չի կատարվում անձի ինքնության մասին, ընտրական տեղամասերում ապահովվում է քվեարկության խցիկի գաղտնիությունը, քվեարկության խցիկում չի թույլատրվում որևէ այլ անձի ներկայությունը` բացի ընտրողից, հետևաբար չի կարող նաև վերահսկողություն իրականացվել անձի ազատ կամքի արտահայտման նկատմամբ:

Ընտրական իրավունքի վերոնշյալ սկզբունքների սահմանումը կարող է զուտ հռչակագրային բնույթ կրել, եթե օրենսդրությամբ չսահմանվեն երաշխիքներ, որոնք հնարավորություն կտան անխոչընդոտ իրականացնել այդ իրավունքը:

Ընտրական իրավունքի կարևորությունից ելնելով` այն կարգավորվում է ոչ միայն երկրի ներքին օրենսդրությամբ, այլև միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով: Դրանցից առանցքայինը 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի  ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն է, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը` որպես ՄԱԿ-ի անդամ: Հռչակագիրը սահմանում Է մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները: Դրանք ճանաչվում են ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից: Հռչակագիրն անդրադառնում է նաև ընտրական իրավունքին: Մասնավորապես` Հռչակագրի  հոդված 21-ի համաձայն` ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իրավազորության հիմքը. այս կամքի արտահայտությունը պետք է լինեն պարբերական ու անեղծ ընտրությունները, որոնք պետք է իրագործվեն համընդհանուր ու հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ կամ համարժեք ազատ ընտրական ընթացակարգերի միջոցով (https://www.un.org/en/documents/udhr/): Վերոնշյալ հոդվածի արտահայտությունը ՀՀ օրենսդրությունում հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը, ըստ որի` ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Ընտրական իրավունքի սկզբունքները, որոնք նշված են հռչակագրի 21 հոդվածում, նույնպես արտացոլված են ՀՀ Սահմանադրության մեջ. Հանրապետության Նախագահի, Ազգային Ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա (հոդված 4):

Ընտրական իրավունքը բազմաթիվ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է: ՀՀ-ում ընտրական իրավունքը, ըստ միջազգային բազմաթիվ կառույցների, լիարժեք չի իրականացվում: Բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ ՀՀ-ում քաղաքացիների ընտրական իրավունքը խախտվում է: Ասվածի վկայությունն են ԱՄՆ Պետդեպարտամենտի` մարդու իրավունքների ամենամյա զեկույցները:ԱՄՆ Պետդեպարտամենտի 2008թ.` Հայաստանին վերաբերող ամենամյա զեկույցի 3-րդ բաժնում նշվում է, որ ՙչնայած օրենքը քաղաքացիներին իրավունք է վերապահում խաղաղ կերպով իրենց իշխանությունը փոխել, այդ իրավունքը սահմանափակվեց պրակտիկայում պետական և տեղական մակարդակով ընտրությունների կազմակերպման ժամանակ կրկնվող, զգալի սխալների արդյունքում՚: Նույն բաժնում նշվում են այն հիմնական երևույթները, որոնք նման խնդիրների պատճառ դարձան: Դրանցից են ձայնի գնումը, իշխանության թեկնածուի հանդեպ բարյացկամ վերաբերմունքը, բազմակի քվեարկելը, հանձնաժողովների ընդդիմադիր անդամների նկատմամբ իրականացվող բռնությունները, քվեատուփերի լցոնումը և մի շարք այլ խախտումներ (ոչ պաշտոնական թարգմանություն) (https://armenia.usembassy.gov): Զեկույցում նշվում է, որ ՙչնայած ընտրական օրենսգրքում` նախընտրական քարոզչությունը սկսվելուց կարճ ժամանակ առաջ կատարված բազմաթիվ փոփոխություններին` կարևոր թերություններ մնացին՚:

2008թ. ՀՀ նախագահական ընտրություններին և ընտրական իրավունքի խախտումներին անդրադարձել է նաև Եվրոպայի խորհուրդը: ԵԽ զեկույցում նշվում է, որ Հայաստանում ՙընտրությունները անցկացվեցին ընտրական գործընթացի և դրա արդյունքների վերաբերյալ շատ ցածր մակարդակի վստահության հիման վրա՚: Փոքր էր վստահությունը նաև դատական համակարգի նկատմամբ՚: Ընտրական իրավունքի իրականացման վերլուծությունը (որքանով է այն արդյունավետ իրականացվել, որքանով է  համապատասխանում միջազգայնորեն սահմանված սկզբունքներին և չափանիշներին) խիստ կարևոր է:Հայաստանում խախտվում են ընտրական իրավունքի իրականացման սկզբունքները, և  անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ընտրական իրավունքի արդյունավետ իրացման ուղղությամբ:

Ընտրական իրավունքը անձի քաղաքական իրավունքների կարևոր բաղադրիչն է, և եթե այն արդյունավետ չի իրականացվում, քաղաքացու մնացած իրավունքների իրագործումը կյանքի կոչելը գուցեև դառնա շատ բարդ խնդիր, եթե ոչ` անհնարին: Ընտրական իրավունքը կարիք ունի պաշտպանության, այդ նպատակով էլ պետությունն ստեղծում է որոշակի մեխանիզմներ և սահմանում է պատիժներ ընտրախախտումների համար, որպեսզի ապահովի ընտրական իրավունքի առավել արդյունավետ իրագործումը: Ընտրական իրավունքը միշտ կատարելագործման կարիք ունի, և պատահական չէ, որ Հայաստանում նույնպես այն անվերջ փոփոխությունների է ենթարկվում: Չնայած այդ լրացումներին և փոփոխություններին` յուրաքանչյուր ընտրություն միշտ իր շտկումներն է մտցնում` է’լ ավելի լավ Ընտրական օրենսգիրք մշակելու և ընտրական իրավունքն առավել արդյունավետ իրացնելու համար:

Սոսե Մայիլյան

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031