Լրահոս
Օրվա լրահոսը

Նապաստակը ծարավ գնաց, Վիշապն անջուր եկավ

Հունվար 10,2012 14:18

«Երեւանջուր» ընկերությունը ոտնահարում է բաժանորդների իրավունքները

Դեկտեմբերի 31-ի կեսօրից, Նոր տարվա շեմին, Նոր տարուց ընդամենը 12 ժամ առաջ մեր ջուրը կտրեցին: Առանց զգուշացնելու, առանց պատճառի: Պարտք չունենք, ունենք Ամանորի հետ կապված հաճելի հոգսեր, որ առանց ջրի դառնում են լուրջ խնդիր ու գլխացավանք:

Խմելու ջուր մատակարարող եւ կեղտաջրերը հեռացնող «Երեւանջուր» ընկերությունը առաջին տարին չէ, որ պարտավորվել է մեզ 24 ժամ անխափան ջուր մատակարարել: Ու անում էր դա բարեխիղճ, մի քանի տարի: Մինչեւ այս տարվա ամառ: Ամռանից սկսվեց անհասկանալին: Գիշերները մեր ջուրն անջատում էին. էլի առանց զգուշացնելու, առանց պատճառի: Դե ասում էինք՝ ոչինչ, չէինք նեղվում, կարեւորը՝ ցերեկը ջուր ունենք: Մենք առանց որեւէ բողոքի շարունակում էինք կատարել մեր պարտականությունները՝ վճարել ստացած ջրի դիմաց: Հետո լուրեր պտտվեցին, թե մեր ջրատարին է միացել չգիտեմ որ օլիգարխի հերթական «օբյեկտը», ու մեր ջուրը գիշերը կտրում են, որ էդ «օբյեկտը» ջուր հավաքի: Էլի ասացինք՝ ոչինչ, անջուր չենք, ծարավ ու կեղտոտ չենք:

Բայց «Երեւանջուրը» սխալ հասկացավ մեր բարեհաճ վերաբերմունքն ու անջուր գիշերները դարձան սովորական: «Երեւանջուր» ընկերության կառավարումը ստանձնելիս Veolia Water ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն ասել է. «Մեր առաջարկը հաջողություն ունեցավ ոչ միայն իր տեխնիկական որակի, այլեւ հաճախորդների համար ծախսային արդյունավետության համար: Այս պայմանագիրը մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ապացուցելու, որ անցումային երկրներում ջրային ծառայությունների բնագավառում հանրային եւ մասնավոր սեկտորների համագործակցությունը գրավիչ լուծում է բոլոր շահառուների՝ պետական մարմինների, սպառողների եւ օպերատորի համար»: Ամանորին մեզ համար գրավիչ ոչ մի բան չկար: Կային անտեղյակություն, օպերատորի անբարեխիղճ վերաբերմունք ու լարված եւ անջուր սպասում:

«Երեւանջուր» ընկերության www.veoliadjur.am կայքում գրված է, թե ընկերությունը 5 արժեք է դավանում. «1. Հաճախորդի արժեւորում. ուշադիր եւ մասնագիտորեն լսելու, ինչպես նաեւ կանխատեսելու եւ հաճախորդի կարիքներին համապատասխան գործելու մեր ունակություններն արտացոլում են մեր հանձնառությունն ամուր, երկարատեւ հարաբերություններ կառուցելու գործում: 2. Պատասխանատվություն. մենք գիտակցում ենք մեր առօրյա գործողությունների ազդեցության չափը բնակչության կենսապայմանների բարելավման վրա: Երբեք չմոռանալով, թե ինչպես մեր գործունեությունը կարող է ազդել մեր աշխատակիցների եւ ընդհանրապես հասարակության վրա, գործում ենք՝ առաջնորդվելով ընդհանուր շահերի սկզբունքով: Պատասխանատու յուրաքանչյուր անձ պարտավոր է լիովին ստանձնել իր աշխատանքի ընթացքում կայացրած որոշումների եւ իր թիմերի համար պատասխանատվությունը» եւ այլն:

2010-ի ամռանից սկսված ու այս տարի էլ շարունակվող մեր անջուր գիշերները, դեկտեմբերի 31-ի մեր անջուր վիճակը չեն խոսում բարեխիղճ վճարող հաժախորդին արժեւորելու եւ պատասխանատու զգալու «Երեւանջուր» ընկերության պահվածքի մասին: Ընկերությունն իր կայքում նշում է, թե 332 750 հաճախորդ, 1450 աշխատակից, 8,9 միլիարդ դրամ դրամաշրջանառություն, 2120 կմ ջրամատակարարման, 1060 կմ ջրահեռացման ցանցեր ու 215 կմ հեղեղատարներ ունի: Ու այս ռեսուրսով, փաստորեն, չի կարողանում կատարել իր պարտավորությունները: Ավելին. մենք, նկատի ունենալով, որ 24-ժամյա ջրամատակարարում ունենք, 1 միլիոն դրամ վարկ ենք վերցրել՝ գազով աշխատող կաթսա տեղադրել, որ ջեռուցում եւ տաք ջուր ունենանք: «Երեւանջրի» կազմակերպած անջուր գիշերներին մեր կաթսան չի աշխատում ու տունը տաքացնելու համար լրացուցիչ ծախսեր ենք անում: «Երեւանջուր» ընկերությունը կփոխհատուցի՞ մեր կրած վնասները:

Չենք բացառում, որ 332 750 հաճախորդների մեջ կան անբարեխիղճներ, որ ջուր են գողանում կամ չեն վճարում սպառած ջրի դիմաց: Չենք բացառում, որ նման հաճախորդ կարող է լինել մեր կամ հարեւան շենքում, մեր ջրատարից սնվող շենքերում: Բայց դա մեր խնդիրը չէ: Ընկերությունը թող իր իրավունքներին տեր կանգնի: Ինչպես մենք՝ մեր, երբ դեկտեմբերի 31-ին զայրացած փորձում էինք «Երեւանջուր» ընկերության 1-85 համարով զանգել ու մի բան իմանալ, բայց հեռախոսահամարը համառորեն ծանրաբեռնված էր ու պատասխանող չկար:

Տեղի ունեցածը պարզաբանելու մեր առաջարկին «Երեւանջուր» ընկերությունից պատասխանեցին, որ դեկտեմբերի 31-ին մեր բարձրահարկ շենքի վերեւի հարկերում նկատվել է ջրի ճնշման նվազում՝ պայմանավորված ջրի օգտագործման ծավալների աճով: Ու թեեւ մեր անջուր գիշերները շարունակվում են, ընկերության կայքը տեղեկացնում է, թե մեր ջուրը շուրջօրյա է:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երեւան, Զորավար Անդրանիկի 52 շենք

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031