Լրահոս
Օրվա լրահոսը

Տոներին «Շտապօգնություն» անտեղի էլ են կանչել

Հունվար 10,2012 13:56

Չնայած բժիշկների հորդորներին, Ամանորին շատերը ալկոհոլն էլ են չարաշահել, յուղոտ սնունդ են կերել ու աղեստամոքսային գանգատներ ունեցել:

Այս տոնական օրերին երեւանցիներն ավելի շատ են դիմել «Շտապբուժօգնությանը», քան նախորդ տարի: Եվ չնայած մինչ Ամանորը առողջապահության նախարարությունը զգուշացրել էր՝ թունավորումներից զերծ մնալու համար չչարաշահել ալկոհոլն ու չխառնել տարատեսակ սննդամթերք, այնուամենայնիվ, մարդիկ չեն կարողացել զսպել իրենց ախորժակը: «Առավոտի» հետ զրույցում «Շտապբուժօգնության» տնօրեն  Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ տոնական այս 8 օրերի ընթացքում օրական մոտ 725 կանչ են ունեցել, իսկ նախորդ տարի այդ թիվը հասել է 500-550-ի: Ըստ տնօրենի, ավելի շատ շտապօգնությանը դիմել են սրտանոթային խնդիրներ ունեցողները: Իսկ ալկոհոլային թունավորման 25 դեպք է արձանագրվել: Եղե՞լ են արդյոք սննդային թունավորումներ՝ մեր հարցին տիկին Ստեփանյանն ասաց. «Այդ դեպքերը ավելի շուտ կարելի է համարել աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Օրինակ՝ մարդիկ, որոնք ստամոքսի գաստրիտ կամ էրոզիա ունեն, այնպիսի սննդամթերք են օգտագործել, որոնք սրացրել են այդ հիվանդությունները»:

Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին 8 օրերի ընթացքում «Շտապօգնությունը» 5708 կանչ է ունեցել: Թե ինչու է կանչերի թիվն ավելացել, տիկին Ստեփանյանն այսպես մեկնաբանեց. «Նախ՝ մեր բնակչությունը խիստ կախված է շտապօգնությունից, պոլիկլինիկաներն էլ հանգստով էին աշխատում, նաեւ մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ շտապօգնությունն անվճար է»: Իսկ այս վերջին հանգամանքը բնակիչները նաեւ չարաշահել են եւ նույնիսկ անտեղի կանչեր են եղել: Թագուհի Ստեփանյանի խոսքերով, կանչերն այնքան շատ են եղել, որ որոշ դեպքերոմ չեն հասցրել սահմանված ժամանակահատվածում հասնել հիվանդին: Չնայած, եթե միաժամանակ մի քանի տեղից ահազանգ է գրանցվել, ապա առաջինը արձագանքել են սրտանոթային գանգատներով հիվանդներին, իսկ ասենք՝ գլխացավով կամ ջերմությունով հիվանդին մի քանի րոպե էլ ուշացումով են մոտեցել. «Բանը նրան է հասել, որ մարդիկ զանգահարում էին ու ասում՝ մենք տեսել ենք, հեռուստացույցով ձեր տնօրենը ասել է, որ 7-12 րոպեում պիտի հասնեն հիվանդին, իսկ ես ժամ եմ պահել՝ դուք ուշանում եք: Մարդիկ պետք է գիտակցեն, որ շտապօգնությունը առաջնային բուժօգնություն է, ոչ թե հիվանդանոց, պոլիկլինիկա, եւ մենք չենք կարող ընտանեկան բժշկի գործառույթներն անել: Մենք, իհարկե, ունենք լավ դեղորայք, նոր մեքենաներ, բայց այս օրերի ընթացքում նույնիսկ անտեղի կանչերն են ծանրաբեռնել առանց այն էլ ծանրաբեռնված աշխատանքը: Դեպք է եղել, երբ հիվանդը գլխացավ է ունեցել, բուժօգնությունը հասցրել են եւ հորդորել գնալ հիվանդանոց, առաջարկել են տանել հիվանդանոց՝ հրաժարվել է եւ թերթիկում ստորագրել: Որոշ ժամանակ հետո նորից շտապօգնություն է կանչել, որ իրեն տանեն հիվանդանոց»: Տիկին Ստեփանյանի խոսքերով՝ անտեղի կանչերի պատճառներից մեկն էլ այն է, որ մարդկանց մոտ կա սխալ կարծիք, այն է՝ եթե շտապօգնությունն է տեղափոխում հիվանդանոց, ապա հիվանդանոցային ծառայություններն անվճար են լինում. «Դա շատ սխալ կարծիք է, իրականում նման դեպքերի համար կա հիվանդությունների հաստատված ցանկ՝ թե որ դեպքերն են անվճար սպասարկվելու»: Տնօրենի ներկայացմամբ, տոնական օրերին քիչ չեն եղել նաեւ ավտոճանապարհային պատահարների մասով կանչերը, մեկ կանչ էլ եղել է դանակահարության դեպքի առիթով:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031