Տնօրենը պարզաբանում է 4-ամյա երեխային ամանորյա տոպրակը չտալու պատմությունը
Դեկտեմբերի 30-ին aravot.am-ը հրապարակել էր, թե ինչպես էր Վանաձորի թիվ 2 մանկապարտեզում ամանորյա հանդեսից հետո Ձմեռ պապի տոպրակին սպասող 4-ամյա Արային դաստիարակչուհին ասել՝ «Մանկապարտեզիդ վարձը չես տվել՝ Ձմեռ պապից տոպրակ չես ստանա»: Երեխան, բնականաբար, տեսնելով տոպրակներն ուրախ-ուրախ բացող իր ընկերներին,b մեծ սթրես էր տարել ու հանդեսից հեկեկալով տուն գնացել: Մեզ հետ զրույցում ծնողները վստահեցնում էին, որ հարցն այդ տոպրակը չէ, իրենք Արայի համար խանութից գնել են ամեն ինչ, բայց երեխան, միեւնույն է, մեծ ապրումների մեջ է:
Նշենք, որ Արայի ընտանիքը սոցիալապես անապահով է, դժվարությամբ է վճարում մանկապարտեզի ամսավարձը՝ 5000 դրամը, հայրը Արցախյան պատերազմի մասնակից է, 3-րդ կարգի հաշմանդամ եւ չի աշխատում:
Պարզելու համար, թե ով էր աչք դրել Արայի այդ փոքրիկ տոպրակին եւ պատժելու համար որդուն սթրեսի ենթարկած մանկավարժին՝ ծնողները դիմել են վարչապետին, մի շարք պաշտոնյաների: Այդ բողոքներից հետո տնօրենը Արային հասանելիք տոպրակն անձամբ տարել է նրանց տուն, սակայն ո՛չ երեխան, ո՛չ էլ ծնողներն այն չեն վերցրել: Մեզ հետ զրույցում տնօրենը՝ Ագնեսա Խաչատրյանը, մի բան էլ Արայի ծնողներին էր մեղադրում կատարվածի համար՝ ասելով, թե ալարել են մի քանի աստիճան բարձրանան, մտնեն իր «կաբինետ» ու իրեն բողոքեն, այլ ոչ թե ամբողջ աշխարհին. «Ես իմ ձեռքով բողոքից հետո նվերը տարել-հասցրել եմ իրենց տուն: Իրենք շատ կատեգորիկ, կոպիտ, շատ վրդովված ինձ ընդունեցին՝ չգիտեմ, թե ինչի համար: Ես տարել եմ նվերը՝ ինձ ասում են՝ ես նվերի խաթր չեմ արել, տարեք ձեր նվերը, ասում եմ՝ դուք նվերի համար եք բողոքել՝ գոնե բարի լինեիք ձեր նվերը վերցնեիք, բայց մեզ տանից դուրս արեցին: Անկեղծորեն ասած՝ ես դրան չէի արժանի, ես էսքան տարի աշխատում եմ՝ ոչ մի անգամ էսպիսի բանի չեմ հանդիպել»:
Կարդացեք նաև
Արան մինչ ամանորյա հանդեսը ջրծաղիկով հիվանդ է եղել, հանդեսին մասնակցելու համար մանկապարտեզից կանչել են: Սակայն տնօրենի պատմելով՝ «Մենք չէինք կարող իմանալ, որ էդ երեխան ամսի 30-ին հենց էդ նվերները տալու ժամանակ կհայտնվի: Բացակա երեխաների նվերները մինչեւ հիմա էլ ինձ մոտ դրված էին, դաստիարակը չի իմացել, որ նրանք կարող էին գալ եւ իմ մոտից ստանալ: Բացակաների նվերները չեմ տվել, որպեսզի դաստիարակը չխառնի, պա՞րզ է»: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է դաստիարակն ասել, թե մանկապարտեզիդ վարձը չես տվել՝ դրա համար տոպրակ չես ստանա, տնօրենն ասաց. «Դե, մարդ ա, երեւի ուզեցել է ինչ-որ ձեւով պատճառաբանի»: Մենք փորձեցինք ճշտել՝ տվյալ դաստիարակչուհին մանկավարժական կրթություն ունի՞, եւ տնօրենը նորմա՞լ է համարում, երբ մանկավարժը կարող է նման բան ասել 4 տարեկան երեխային՝ ակնարկելով վարձի մասին. «Այո, կրթություն ունի, սկսնակ աշխատող է ինքը, եթե մի քիչ բան ունենար՝ էդպես չէր ասի: Ես իրեն նկատողություն եմ գրել հրամանագրքում, բայց ընդամենը ծնողը պետք է բարձրանար ինձ մոտ, այս է խնդիրը»:
Պարզվում է՝ այս մանկապարտեզում, բացի հակամանկավարժական մոտեցումից, այլ խախտումներ էլ են անում: Արդեն 3 ամիս է, ինչ Արա Բաղդասարյանը հաճախում է մանկապարտեզ եւ այդ ամիսների ընթացքում չի քնում: Մանկապարտեզում պատճառաբանում են, թե մահճակալ չկա: Մենք տատիկից՝ Մերի Քարհանյանից, հետաքրքրվեցինք՝ երեխան քնի կարիք չի՞ զգում, նա վստահեցրեց, որ Արան ցերեկը քնում է, իսկ մանկապարտեզում քնում է հավանաբար «կանգնած». «Որտեղ գլուխը դրեց՝ էնտեղ քնելու է»:
Երեխային կանգնած քնեցնելու նոր մեթոդը մանկապարտեզի տնօրենը պատճառաբանեց մահճակալներ չլինելով, իսկ մեր զարմանքին, որ երեխան ռեժիմ ունի, պիտի քնի՝ տնօրենը պատասխանեց. «Ես գիտեմ դա, հիմա ասեմ՝ մեկի համար դուք եք ասել, էն մեկի համար 3 հոգի են ասել, հենց այս նույն երեխային էլ ծանոթներով են ընդունել: Ես իրենց ասացի՝ հնար չունեմ տեղավորելու, մահճակալի տեղ չունենք: Ասել են՝ ոչինչ, ընդունեք՝ մի բան կանենք: Ընդունելն էլ էդ է, որ երեխաները չեն քնում»:
Պարզվում է՝ Արան միակ չքնող երեխան չէ այդ մանկապարտեզում, նրանք 3-ն են: Երեխաները սպասում են, թե երբ իրենց ընկերներից մեկը բացակա կլինի, որ նրա մահճակալում քնեն:
Արայի մայրը նաեւ իր բողոքում նշել է, որ մանկապարտեզ ընդունելիս իրենցից պահանջել են 3000 դրամ՝ անկողնային պարագաների համար: Այդ ապօրինի դրամահավաքը տնօրենն այսպես մեկնաբանեց. «Նախ՝ ինքը ճոխացրել է՝ 3000 չէ, 2500 դրամ է հավաքվել: Ասեմ՝ դա ոնց է եղել. երբ մանկապարտեզը վերանորոգեցինք, ծնողկոմիտեն տեսավ՝ շատ գեղեցիկ է ամեն ինչ, ուզեցին դա էլ նորմալ լինի, իրենք ուզեցին մանկապարտեզին նվեր անել»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ