Կեղծ և եղբայր բառերը իրար հակառակ եւ հակադիր բառեր են, ինչը տրամաբանական է, որ այս բառերը իրար համադրել գրեթե հնարավոր չէ, բայց տվյալ դեպքում (այդպիսի դեպքերը լինում են շատ հազվադեպ) այս բառերը համապատասխանում և լրացնում են միմյանց:
Հայ և վրացի… օտար ազգերին թվում է, թե մենք իրար շատ նման կամ գրեթե նույն ազգն ենք: Ու միշտ հասկացել են, թե մենք մեկս մյուսին օգնել ենք և հավատարիմ դաշնակիցներ ենք: Համենայն դեպս այս նախադասության բովանդակությունը փորձում են ցույց տալ կամ ապացուցել վերջերս Արմենիա TV-ով «Միմինո» և Հանրային Հեռուստաընկերության «10+10» հաղորդումները: Երկու հաղորդումների բովանդակություններն էլ գրեթե նույնն են՝ երգ-երաժշտություն, մրցակցություն, ժուրիներ:
Անհասկանալի է այն, թե ինչու միևնույն ժամանակ, բայց տարբեր հեռուստաալիքներով սկսեցին ցուցադրվել նույն նախագծով հաղորդումներ, և ինչ են ցանկանում ապացուցել, որ հայն ու վրացին եղբայր ժողովուրդներ են: Այս ամենը նույնիսկ մասամբ չի համապատասխանում իրականությանը: Դրանում համոզվում եմ օրըստօրե:
Եթե ուշադրություն դարձնենք թեկուզև վերջին դեպքերին: Վրաստանի նախագահի հայտարարությունները Հայաստանի և Հայաստանի կառավարության անկատար լինելու վերաբերյալ, նրանց ցուցաբերած ադրբեջանամետ ցցուն դիրքորոշումը միջազգային բոլոր ամբիոններում, վրաց ուղափառ եկեղեցու վերաբերմունքը և դիրքորոշումը «եղբայրական» հայ առաքելական եկեղեցու և հայ հավատացյալների նկատմամբ: Նույնիսկ ընդդիմությունը բոլոր հարցերում կարող է մեղադրել իշխանությանը, սակայն Հայաստանի և հայերի հետ կապված խնդիրներում չգիտես՝ ինչո՞ւ համաձայն են նրանց հետ, ասեմ ավելին, երբ որ ցանկանում են անբարյացակամ վերաբերմունք և վիրավորանք արտահայտեն ինչ-որ մի պաշտոնիայի հասցեին, նրան մեղադրում են հայկական արմատներ ունենալու մեջ:
Հայաստանը չի կարող լինել Վրաստանին դաշնակից և բարեկամ երկիր, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը իր անվտանգության ապահովումը ապավինում է արեւմուտքին և ՆԱՏՕ-ին, իսկ մենք, չնայած որ համագործաքցում ենք ՆԱՏՕ-ի հետ, սակայն շատ հարցերում մեր անվտանգության ապահովման վեկտորը ուղղված է դեպի Ռուսաստան և ԱՊՀ երկրներ: Պատճառներից մեկն էլ այն է, որ Վրաստանը Հայաստանից շահ չունի: Այս ամենից ելնելով Հայաստանի և Վրաստանի միջև կապը կարելի է ուղղակի որակել «կեղծ եղբայրություն»: Իսկ Սաակաշվիլին պարզապես ցանկանում է անիմաստ խոսող պետությունների նախագահների շարքում Ալիեւից առաջ անցնել:
Եվ այս իրավիճակում, մեր զույգ հեռուստաալիքներով, որոնք այսօր բարձր վարկանիշ ունեն, ցուցադրում են հայ-վրացական «մրցակցություն» ունեցող շոու-հաղորդումներ՝ ապացուցելու մեր «եղբայրությունը»: Այսօր Վրաստանը Ադրբեջանի դաշնակիցն է, վաղը կլինի Թուքիայի, մյուս օրը ԱՄՆ-ի և այդպես շարունակ:
Խնդրում եմ ճիշտ հասկանալ, ես ռասիստ չեմ, ես հումանիստ եմ, ուղղակի ինձ նյարդայնացնում է, երբ տեղկատվական հոսքից իմանում ես վրացիների այս քայլերի մասին և վերցնելով հեռակառավարման վահանակը, միացնում ես կիրակնօրյա Հանրայինը կամ Արմենիան, հասկանում ես, թե ինչքան նյարդայնացնող է մեր այդ շոումենների կեղծ համամարդկային իդեալները:
Այս ամենի փոխարեն, ուղղակի կարելի է մի փոքր օրինակ վերցնել վրացիներից, քանի որ բոլորս էլ գիտենք, որ քաղաքականության մեջ մշտական բարեկամններ չկան այլ կան մշտական շահեր:
Խաչատրյան Մերի Խաչատուրի ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի ուսանողուհի
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])