Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երկիրն էլ մեր բոլորի ընտանիքն է»

Հունվար 10,2012 13:47

ՀՀ նախագահը տարվա վերջին օրվա վերջին րոպեներին հայտարարեց. «Իրար նեցուկ լինելու խոստում կա յուրաքանչյուրիս մտքում»:

«Իմ հարազատ երկրի մեծ ընտանիքի սիրելի՛ անդամներ, մենք ընդհանուր շատ ավելին ունենք, քան կարծում ենք: Որքան էլ տարբեր կողմերից նայենք, մեկ է՝ մեր նպատակները նույնանում են, երբ ասում ենք հայրենիք, Հայաստան, Արցախ, Սփյուռք, խաղաղություն, ծնող, զավակ… Եկե՛ք անցած տարում թողնենք անտարբերությունը, իրար չլսելը, թշնամանքը… չթվեմ՝ գիտենք, թե ինչը արժեք չէ ու հարիր չէ հարազատ ընտանիքին: Եկե՛ք նոր՝ 2012 թվական տանենք իրար նեցուկ լինելու խոստումը եւ նոր հաղթանակների վճռականությունը՝ ի բարօրություն մեր հայրենիքի՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, հանուն խաղաղության ու արարման, հանուն մեր ընտանիքների, ծնողների, երեխաների, հանուն սահմանին կանգնած մեր որդիների: Ինչպես գիտեք, գալիք տարի նաեւ անցկացվելու են Ազգային ժողովի ընտրություններ: Ընտրությունները մեզանում շատ դեպքերում ընկալվել են, կրկնում եմ՝ ընկալվել են, միայն որպես իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը պահելու միջոց: Վաղուց ժամանակն է ըմբռնելու, որ շատ ավելի բարձր նպատակներ կան: Ես իմ անձնական որոշումը վաղուց եմ կայացրել՝ անել ինձնից կախվածը արատավոր կարծրատիպից հրաժարվելու, իրոք ազգային եւ իրոք պետական մոտեցման սկզբունքները քաղաքական կյանքում արմատավորելու համար: Չեմ թաքցնի՝ օգնության կարիք էլ եմ ունեցել եւ ունեմ»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ուզելով կամ չուզելով լսում են բոլոր ընտանիքներում, ոմանք՝ հիացած եւ ակնածանքով, ուրիշները՝ դժգոհ եւ դժկամ, բայց՝ լսում են եւ հետո քննարկում: Անկեղծ լինելը լրագրողին խիստ խոցելի է դարձնում, բայց եւ ազնիվ է, ուստի, չեմ թաքցնում, ինձ նախագահի խոսքը դուր եկավ, ջերմ էր եւ իրոք՝ ընտանիքի անդամի խոսք էր: Բայց կարեւորը ոչ թե լրագրողի, այլ քաղաքական ուժերի կարծիքն է, ուստի, որպեսզի պարզեմ, թե քաղաքական ուժերի ներկայացուցիչները ինչ են մտածում այս խոսքի մասին, երեկ զանգահարեցի մի քանիսին:

«Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն անկեղծորեն խոստովանեց, որ չի լսել այդ խոսքը, ապա, մեր խնդրանքով ծանոթանալով, ասաց հետեւյալը. «Մեկ նկատառում. ես այդ օրը նախագահների ուղերձը համարում եմ անախրոնիզմ, որը ժառանգել ենք նախկին Խորհրդային Միությունից, այդ ավանդույթը պահպանվել է նախկին խորհրդային հանրապետություններում, երբ անկոչ հյուրի պես գալիս բազմում են մեր սեղանի շուրջը, դա իր ժանրով հիմնականում կենաց է լինում, եւ այս անգամ էլ չտարբերվեց կենացից, հնչեցին կենացի ժանրով արտահայտած ինչ-որ բարեմաղթանքներ, որը սովորաբար նորմալ է, եւ դրանում քննարկելու կամ կարծիք հայտնելու արժանի որեւէ միտք չկա»: Մեր դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրությունների մասին հնչած խոսքը իրոք արժեր ուշադիր լսել, պարոն Արզումանյանն ասաց. «Կարելի էր նույն իմ նշած ժանրը օգտագործելով՝ նախաձեռնություն հանդես բերել, ժողովրդին հայտարարել, որ այս եւ այն մեխանիզմները բարեփոխվելու են, եւ պետությունը ինչ պարտավորություն է ստանձնում՝ ապահովելու քաղաքական մրցակցությունը: Իհարկե, այլ հարց է՝ պետությունը կարողանո՞ւմ է մեխանիզմներ ստեղծել, որ ազատ մրցակցության պայմաններում ժողովուրդը կարողանա ընտրել այն քաղաքական ուժին, որին ավելի շատ է վստահում»:

«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ վաղուց ժամանակն է, որ մենք գործերով առաջնորդվենք. «Նախագահի խոսքերը վերջին ժամանակներս այսպես ասեմ՝ բավականին ոգեւորիչ են եւ շատ լավ կառուցված, բայց դա ավելի է ընդգծում իրականության եւ այդ խոսքերի տարբերությունները: Եթե իշխանությունները իսկապես ցանկություն ունեն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու, ինչի մասին խոսում են, ապա գոնե նվազագույն պահանջը՝ Դաշնակցության եւ «Ժառանգության» կողմից արված հայտարարությունը, որին միացել են ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատները», ՄԱԿ-ը, ռամկավարները եւ այլ կուսակցություններ, հրաժարումը մեծամասնական ընտրակարգից, պետք է ընդունվի իշխանության կողմից, եւ, վերջապես, իրական քաղաքական ընտրությունների մեկնարկը տրվի»:

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր տարեմուտի խոսքում ՀՀ նախագահը շատ հստակ է արտահայտվել եւ խոսել է հատկապես այն խնդիրների մասին, որոնք այսօր հուզում են հասարակությանը:

Մ. ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031