Համոզված է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
– Իշխանության ներկայացու
ցիչները շեշտում են, որ ապագա խորհրդարանական ընտրությունները շատ ավելի ժողովրդավարական են լինելու, որ կեղծիքները բացառվելու են, որ մարդիկ նորմալ եւ արդար ընտրությունների մասնակցելու հնարավորություն են ստանալու, հավատա՞նք այդ խոստումներին, թե՞ ոչ:
– Դուք որեւէ օրինակ բերեք, երբ որեւէ իշխանություն ընտրություններից առաջ ասել է, որ ինքը կեղծիքների է դիմելու, այդ դեպքում այդ հայտարարություններն արժե քննարկել: Ի պաշտոնե նրանք պետք է ասեն, որ ընտրությունները չեն կեղծվելու, իհարկե, որովհետեւ ընտրություն կեղծելը պետական հանցագործություն է, պարզ է, որ այդպես պետք է ասեն, բայց քայլերով եւ գործերով են երեւում իրական մտադրությունները: Խորհրդարանական ընդդիմությունը մի շարք առաջարկություններ է ներկայացրել՝ «Ընտրական օրենսգրքի» քննարկումներից սկսած, մինչեւ օրս էլ առաջարկություններ ունի: Թե այդ առաջարկներին ինչ արձագանք է տալիս պետությունը՝ դրանով մենք կարո՞ղ ենք գնահատել նորմալ ընտրություններ անցկացնելու նրանց պատրաստակամության աստիճանը, իսկ բարի խոսքերը, էլի եմ ասում, կենացի ժանրից են, որը արդեն հոգնեցինք լսել այս տասն օրերի ընթացքում:
Կարդացեք նաև
– Դուք համոզված նշում եք, թե ընտրությունները կեղծվելու են, իսկ ինչո՞ւ չհավատալ, որ այս անգամ չեն կեղծվելու:
– Մեր բոլորի՝ քաղաքական ուժերի, հասարակության խնդիրն է ամեն ինչ անել, որ հնարավոր չլինի կեղծել, մեր երկրի նման երկրներում, ես չեմ խոսում կայացած, ժողովրդավարական երկրների մասին, իշխանությունը ապրիորի որոշում է վերարտադրվել եւ ամեն ինչ անում է այդ վերարտադրությունը ապահովելու համար եւ կեղծիքներն անում է այնքանով, որքանով հասարակությունը թույլ է տալիս եւ չի պայքարում: Ասելով, որ նրանք անպայման ձգտելու են կեղծել, ես ամենեւին նկատի չունեմ, որ մենք ձեռքներս ծալած պետք է նստենք ու նայենք, թե ինչպես են կեղծում: Ամեն տեղամասում պետք է պայքարել ամեն մի քվեի համար, որպեսզի այդ գողությունը չիրականացվի, պետք է խանգարել դրան:
– «Ազատ դեմոկրատները» ինչպե՞ս է պատրաստվում խորհրդարանական ընտրություններին. շատ է խոսվում «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգության» հավանական դաշինքի մասին, որքանո՞վ ռեալ հիմքեր ունեն այս խոսակցությունները, եւ ի՞նչ սպասելիքներ ունենք խորհրդարանական ընտրություններից, քանի՞ տեղ եք ակնկալում ստանալ:
– Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պատրաստ լինենք ընտրական գործընթացին, տեղերում ստեղծում ենք մեր կուսակցության կառույցները, դիտորդների հետ ենք աշխատում, նախապատրաստում ենք մեր վստահված անձանց, ինչպես ցանկացած ընտրությունից առաջ անում է ընտրության գնացող ցանկացած քաղաքական ուժ:
Մենք չենք կասկածում, որ ընտրության արդյունքները կեղծվելու են, բայց ամեն ինչ պետք է անենք, որ նույնիսկ այս անկատար օրենսգրքով ընտրական մեզ ընձեռած հնարավորություններն ամբողջությամբ օգտագործենք՝ բարդացնելու համար ընտրակեղծիքների գործընթացը եւ տեր կանգնելու մեր քվեին: Համապատասխանաբար, մշակում ենք մեր նախընտրական ծրագրերը եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ընտրությունների գնացող քաղաքական ուժին: Քանի որ մեր կուսակցությունը նույն գաղափարական դաշտում գտնվող մարդկանց միավորող ուժ է, ապա նույն գաղափարախոսության շրջանակներում գործող այլ ուժերի հետ պատրաստ ենք համագործակցել: Ակնհայտ է, որ «Ժառանգությունն» էլ նույն գաղափարներն է քարոզում, եւ մենք նրանց հետ ունենք նորմալ հարաբերություններ: Իսկ ինչ բնույթ կընդունի մեր համագործակցությունը արդեն ընտրական գործընթացներում՝ ժամանակը ցույց կտա: Դեռեւս շուտ է այդ մասին խոսելը:
– Դուք կիսո՞ւմ եք կարծիքը, որ երբ ընտրություններից առաջ ստեղծվում են ընդդիմադիր քաղաքական ուժեր, դրանք ստեղծվում են արդեն դաշտում առկա եւ գործող մյուս ընդդիմադիր ուժերից ձայներ խլելու նպատակով եւ հատուկ մշակված սցենարով:
– Ընդհանրապես, եթե դավադրությունների տեսություններով առաջնորդվենք, ամեն ինչն էլ կարելի է համարել սրա կամ նրա դավադիր գործունեության արգասիք: Որեւէ մեկը մոնոպոլիա չունի ընդդիմադիր դաշտում կամ իշխանական դաշտում, ամեն մարդ, մանավանդ, եթե ազատական է եւ ազատ մոտեցումներ ունի, ինքն է որոշում իր ազատության աստիճանը եւ այն, թե այդ ազատությունը ինչ ձեւերով կամ դրսեւորումներով է իրականացնում: Ցանկացած լավ բանի մեջ կարելի է նաեւ դավադրություն փնտրել եւ գտնել:
– ՀՀՇ-ի եւ «Ազատ դեմոկրատների» որոշ ներկայացուցիչների միջեւ ծագած բանավեճը կունենա՞ շարունակություն:
– Ես դա բանավեճ չէի անվանի, բանավեճն այն է, երբ գաղափարներ են արտահայտվում, քննարկվում են մոտեցումներ, իսկ երբ ինչ-ինչ խայթոցներ են լինում, անհարիր է քաղաքական, մանավանդ՝ ընդդիմադիր դաշտին, մանավանդ, երբ խոսում ենք ընդհանուր նպատակների մասին, սահմանադրական կարգի վերականգնման, ապօրինի ռեժիմից ձերբազատվելու մասին, ուրեմն այդ դաշտում չարժե թշնամիներ փնտրել, եւ, որքան գիտեմ, իմ մոտ ընկերներից մի քանիսը ուղղակի իրենց հնչեցրած որոշ հարցերի տվել են իրենց պատկերացումներով պատասխաններ: Մենք ընդդիմադիր դաշտում բանավիճելու խնդիր չունենք, մենք ունենք մեկ խնդիր՝ նորմալ ընտրական մեխանիզմների միջոցով փորձենք ազատական, ժողովրդավարական գաղափարախոսությունը ներկայացնել խորհրդարանում:
Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ