Համայն Ռուսիո պատրիարքը շաբաթ օրը «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է՝ երբ իշխանությունը չի ընկալում բողոքների արտահայտությունը, դա վատ նշան է, դա նշանակում է, որ իշխանությունն ընդունակ չէ ինքնաշտկման: Պատրիարքի կարծիքով՝ իշխանությունը պետք է կարողանա վերափոխվել, այդ թվում՝ ընկալելով արտաքին ազդակները եւ սրբագրելով սեփական քաղաքականությունը: «Եթե ինչ-որ բան է տեղի ունենում, հասարակությունը պետք է իրավունք ունենա իր դժգոհությունը հայտնելու»,- ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը: Միաժամանակ նա ընդգծել է, որ եկեղեցին չպիտի ընդունի որեւէ մեկի կողմը:
Բնականաբար, հարց է ծագում՝ ինչո՞ւ վերջին 20 տարում Հայ առաքելական եկեղեցու ոչ մի առաջնորդ նման բան չի ասել: Ոչ ոք չի կարող, չէ՞, ասել, որ մեր իշխանությունը վերափոխվելու, քաղաքական կուրսը շտկելու կարիք չի ունեցել կամ չունի: Վախենո՞ւմ են: Բայց ինչի՞ց: Հիմա 30-ական թվականները չեն, որ հոգեւորականներին հետապնդեն: Նույնիսկ 70-ականները չեն, երբ իշխանության նկատմամբ ոչ լոյալ վերաբերմունքը կարող էր հոգեւոր առաջնորդների համար անախորժ հետեւանքներ ունենալ: Ով ինչ ուզում է՝ թող ասի, բայց ժամանակները փոխվել են. ոչ ոք ինձ չի համոզի, որ եթե, ասենք, նույն այսօրվա կաթողիկոսը (չխառնվելով, բնականաբար, քաղաքականությանը) 2008 թվականի մարտին հայտարարեր, որ փողոցում 10 հոգի սպանելը լավ բան չէ, կամ՝ որ քաղաքական հայացքների համար մարդկանց ազատազրկելը սխալ է, ապա նրան «կհանեին գործից»: Ավելին՝ այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ամենեւին դուրս չգալով հոգեւորականի իր «իրավասություններից», ազատորեն խոսում է հասարակությանը հուզող խնդիրների մասին, եւ ոչ ոք նրան կարգալույծ չի անում: Ուրեմն խնդիրը պատժվելու վախը չէ: Նաեւ խորհրդային դաստիարակությունը չէ. նման դաստիարակություն չունեցող (ի դեպ, ինտելեկտի, կրթության առումով Գարեգին Բ-ին զգալիորեն գերազանցող) նախորդ կաթողիկոսը նույնպես դրսեւորում էր միանգամայն պատեհապաշտ ու «նոմենկլատուրային» կեցվածք: Եվ հակառակը՝ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը վերջերս խոսել է հայաստանյան իրականության հենց այն ակնհայտ արատների մասին, որոնց վերաբերյալ, վստահ եմ, պետք է բարձրաձայնի նաեւ Գարեգին Վեհափառը:
Ես իսկապես չգիտեմ, թե ինչու է այդպես: Բացառված չէ, որ նա ինչ-որ բիզնես-կապեր ունի ներկայիս իշխանության հետ: Հնարավոր է, որ կաթողիկոսը պարզապես անտարբեր է մեր հասարակությանը հուզող խնդիրների նկատմամբ: Կամ՝ գուցե նա չափից դուրս զբաղված է իր երեւանյան նստավայրի շինարարությամբ. այ, հենց որ նա մայրաքաղաքում «ընդմիջում անելու» տեղ ունենա, այդ դեպքում իր տղամարդու խոսքը կասի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ