Երեկ՝ հունվարի 9-ին, կրակոցներ են հնչել Ավան վարչական շրջանում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08.45–ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի աջ ուսագոտու շրջանի ծակած–կտրած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա Լևոն Ավանեսյանը։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Սայաթ Նովա 8/1 շենքի մոտից։ Արդեն ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները պարզում են, որ հունվարի 9-ին առավոտյան՝ ժամը 08.00-ի սահմաններում, նշված շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և 2 անհայտ անձանց միջև, որի ժամանակ էլ Լ. Ավանեսյանը ստացել է մարմնական վնասվածքը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքի բակում հավաքվածներն իրեն պատմել են, որ Լ. Ավանեսյանը աշխատում է Սարյան փողոցի վրա գործող տարադրամի փոխանակման կետում։ Վիճաբանության ժամանակ նա իր մոտ եղած գազային «Խամերլի» ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել։ Նշված շենքի բակ ժամանած ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են կրակված 3 պարկուճ։
Կարդացեք նաև
Հարևանները նաև պատմել են, որ մոտ 2 տարի առաջ անհայտ անձը կամ անձիք գողացել էին նրա աշխատանքի վայրի չհրկիզվող պահարանը։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ այս պահին նա գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ խոսելու։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։