Ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող եւ հասարակական գործիչ Բերնար-Անրի Լեւին աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, որը Ֆրանսիայի Սենատը պատրաստվում է քննարկել հունվարի վերջին:
2011-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է օրինագիծ, որն ուժի մեջ կմտնի խորհրդարանի վերին պալատի կողմից հաստատվելուց հետո:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս–ը, Բերնար-Անրի Լեւին ելույթ է ունեցել “Մի քանի պատմաբանների պատասխանը հայերի ցեղասպանության հարցին” (On the Armenian Genocide: The Response of a Handful of Historians) հոդվածով, որը հրապարակվել է հեղինակավոր ամերիկյան Huffingtonpost.com ցանցային հրատարակչության կողմից:
Բերնար-Անրի Լեւին ընդգծել է, որ օրինագիծն ամենեւին չի հավակնում «պատմաբանների փոխարեն պատմություն գրելուն»:
Կարդացեք նաև
«Դա ունի պարզ բացատրություն` այս պատմությունը պատմել եւ գրել են արդեն շատ վաղուց: Մենք միշտ իմացել ենք, որ սկսած 1915-ից հայերը դարձել են նպատակաուղղված բնաջնջման զոհ: Այս մասին գրված են բազմաթիվ գրքեր, որոնք հիմնված են մասնավորապես հենց թուրք հանցագործների ցուցմունքների վրա», – ընդգծել է ֆրանսիացի փիլիսոփան:
«Ոչ մի լուրջ պատմաբան կասկածի տակ չի դնում այս իրականությունը կամ ժխտում այն»,- հայտարարել է Բերնար-Անրի Լեւին:
Մեդիամաքս-ը նշում է, որ Բերնար-Անրի Լեւին հանդիսանում է ժամանակակից Ֆրանսիայի առավել ազդեցիկ մտավորականներից եւ քաղաքական գործիչներից մեկը: 2011-ի մարտին Բենգազիում նա մասնակցեց լիբիական ապստամբների հետ բանակցություններին եւ հրապարակավ պաշտպանեց Լիբիայի Ազգային անցումային խորհրդի միջազգային ճանաչումը: Նիկոլա Սարկոզիի հետ միասին Բերնար-Անրի Լեւին հանդես էր գալիս Լիբիայում միջազգային հանրության կողմից ռազմական միջամտության օգտին:
Հարավային Օսիայում 2008-ի պատերազմի ժամանակ Բերնար-Անրի Լեւին ռեպորտաժներ էր վարում Վրաստանից, հարցազրույցներ անցկացնում Միխայիլ Սահակաշվիլիի հետ: