Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես «Առավոտ»–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.55-ի սահմաններում Արմավիր մարզի Էջմիածին քաղաքի շտապօգնության կայանից Արմավիր մարզի Տարոնիկ գյուղից Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 55-ամյա Սիլվա Բաղդասարյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Բաղդասարյանը երեկ՝ կեսօրին, ըստ գյուղացիների պատմածի, Րաֆֆի փողոցի թիվ 8-րդ տանը, որտեղ բնակվել է, իր վրա է լցրել դիզելային վառելանյութ և ինքնահրկիզվել։ Երբ նրան տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոնի այրվածքաբանության կենտրոն, նա այրվածքներ է ստացած եղել 2-րդ, 3-րդ, 4-րդ կարգի։ Ըստ բժիշկների՝ այրված է եղել մարմնի 90 տոկոսը։
Ժամը 23.00-ի սահմաններում Ս. Բաղդասարյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Կարդացեք նաև
Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ Ս. Բաղդասարյանը տառապել է հոգեկան հիվանդությամբ, հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում և անցած տարվա դեկտեմբերի 23-ին նա դուրս էր գրվել հոգեբուժական կենտրոնից։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։