Իրավաբանության մեջ գործարքը միանգամայն ընդունելի եւ միջազգային պրակտիկայում տարածված երեւույթ է: Օրինակ, իրավապահները բանակցում են ահաբեկչի հետ, եւ եթե նա, ենթադրենք, բաց է թողնում պատանդներին, նրա որոշ պահանջները կատարվում են: Կամ` մանր հանցագործին ազատություն են խոստանում, եթե նա մատնի ավելի խոշորին: Բայց վնասի փոխհատուցումը՝ որպես գործարքի դրսեւորում, ինձ համար անհասկանալի է: Եթե ես բարձրաստիճան ոստիկան եմ եւ մեղադրվում եմ պետությանը 217 միլիոն դրամի վնաս հասցնելու համար, ապա իմ փաստաբանը, կարծում եմ, չպիտի հպարտ-հպարտ հայտարարի, որ ես 177 միլիոնն արդեն փոխհատուցել եմ: Որովհետեւ անմիջապես հարց է առաջանում` որտեղի՞ց ինձ այդպիսի գումար: Ոչ մի աշխատավարձ Հայաստանում հնարավորություն չի ընձեռում տնտեսել, թեկուզ 100 տարվա ընթացքում, համարյա կես միլիոն դոլար եւ պահել այդ գումարը դոշակի տակ` սեւ օրվա համար: Այդպիսի «փոխհատուցումը» ինձ համար լավագույն ապացույցն է նրա, որ ես հայտնի «մենթական» ճանապարհներով ձեռք եմ բերել ոչ թե 177 կամ 217 միլիոն, այլ զգալիորեն ավելի շատ: Այնպես որ նախկին գլխավոր գաիշնիկ Մարգար Օհանյանի «փոխհատուցումը» ոչ մի մեղմացուցուցիչ հանգամանք էլ չէ: Դա, իմ կարծիքով, ինքնախոստովանական ցուցմունք է: