Այսօր` ժամը 20.30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Իսակովի պողոտայում իրար են բախվել «Լադա Պրիորա» մակնիշի 23 ՕՍ 224 համարանիշի և «Լեքսուս» մակնիշի 92 VP 999 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Լեքսուս»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հանդիպակաց գոտու բաց տարածության մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածք էր ստացել, սակայն դեպքի վայր ժամանած Երևանի ՃՈ աշխատակիցները պնդում էին, որ իրենք նման տեղեկություն չունեն:
Դեպքի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Տիգրան Պողոսյանը: Նշված հատվածում երթևեկությունը մասամբ կաթվածահար է եղել, քանի որ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ