Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պաշտոնյաները օրենքը խախտել են բարոյապես

Հունվար 09,2012 19:35

Հանրահայտ «Что? Где? Когда?» կամ «Ի՞նչ, որտե՞ղ ե՞րբ» հաղորդման տոնական խաղին մասնակցում էին մեր պետական պաշտոնյաները՝ ԿԳ, արդարադատության, ֆինանսների նախարարներ Արմեն Աշոտյանը, Հրայր Թովմասյանը, Վաչե Գաբրիելյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:  Նրանք բոլորը խոսում եւ հարցերին պատասխանում էին օտար լեզվով՝ ռուսերենով եւ դա ցուցադրվում էր ոչ թե ОРТ, РТР-ով, այլ՝ մեր տեղական հեռուստաալիքով:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է արել, որը հրապարակում ենք իր թույլտվությամբ. «Գիտեք ինչն է զավեշտական, եթե ոչ՝ տխուր. ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀ նախագահը ստորագրեց «Լեզվի մասին» օրենքում իմ նախաձեռնած փոփոխությունը, որով ամրագրվեց, որ ՀՀ պետական և պաշտոնական լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է (մինչ այս միայն հայերեն ամրագրումը կար), նաև պետական պաշտոնյաների կողմից այս նորմի խախտման պարագայում սահմանվեցին վարչական տույժեր (նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով)։ Մի բան էլ է տխուրորեն զավեշտական՝ այս օրենքի կիրարկման նախանձախնդիրները նախևառաջ կրթության և արդարադատության նախարարությունները պիտի լինեն։ Բայց դե ով չգիտի, որ երկու իրականություններում ենք ապրում՝ թղթի և հայտարարված «ճշմարտությունների» եւ քրեաապազգային իրարական իրականություն, ուր ազգայինը սահմանափակվում է բազմաչարչար Նժդեհից ցիտատներ բերելով»:

Նախկին կոլեգայի այս գրառումը ծանր է տարել հատկապես պարոն Աշոտյանը, որն ի պատասխան՝ իր էջում նշել է. «Ահա թե ինչ է ստացվում, երբ փորձում են անհարկի քաղաքականացնել սովորական ԽԱՂԸ: Ափսոս: Սակայն, կարծում եմ, որ ՀՅԴում ոչ բոլորն են այդպես մտածում»:

Լիլիթ Գալստյանը, որպես օրենքի փոփոխության հեղինակ, Ֆեյսբուքում գրել էր նաեւ, որ խախտվել է «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի գ կետը, ըստ որի պահանջվում է հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը։ «Իհարկե, մեր եթերում աղբը շատ է, սպառնալիորեն շատ, և այս խաղը դրանց շարքին չեմ դասի։ Ոչ էլ կարող եմ ժխտել, որ իմացական կամ տրամաբանական որոշ օգտակարություն ունի։ Բայց, մի՞թե չի կարելի մեր ինտելեկտը մեր լեզվով խթանել ու գիտելիքի …կամ իմացականության մասին հետաքրքրությունը մայրենիիով խրախուսել։ Իսկ հեղինակային իրավունք ունեցող մի շարք խաղեր, որ այլ հեռուստաընկերություններ իրականացնում են՝ թարգմանվել են և ստացվել է։ Բացի այդ, և ամենակարևորը՝ օրենքի պահանջ է, որ համաժամանակյա վազող տողով հայերենը ապահովվի՝ չխախտելու համար հայ հանդիսատեսի իրավունքները»,- Aravot.am-ին ասաց Լ. Գալստյանը։

Սակայն նաեւ տեղեկացրեց, որ խաղի համար պաշտոնյաները աշխատավարձի 300-ապատիկի չափով չեն տուգանվի. «որովհետև նախարարների համար սա ուղիղ պատասխանատվության հարց չի, բարոյական հարց է: Համաժամանակյա թարգմանությունը հեռուստաընկերությունը պիտի ապահովեր։ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի 5 հոդվածով է սահմանված՝  Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիո-հաղորդումների լեզուն գրական հայերենն է: Ինձ իբրև քաղաքացի, հայ մարդ պարզապես վիրավորում է և արժանապատվությունս է նվաստացնում, երբ քամահրանքով կամ թերարժեքության բարդույթով են մոտենում մեր մայրենիին։  Այս պարագայում, թե օրենքի խախտումն ունենք, թե անբացատրելի թերարժեքության»:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նշված է, որ թույլատրվում են առանց թարգմանության հաղորդումները, եթե դրանք պատրաստված են ազգային փոքրամասնությունների համար, սակայն ըստ Լիլիթ Գալստյանի՝ այդ հաղորդումը փոքրամասնությունների համար չէ. «Եթե «Եվրատեսիլ» կամ նման մի բան լիներ՝ ես պատճառ կունենայի արդարացնելու, պետք է գոնե հայ հեռուստադիտողի իրավունքը պահեին եւ վազող տողով գոնե գնար, ինչը չարվեց»:

Aravot.am-ն այս առնչությամբ նաեւ պարզաբանումներ խնդրեց արդարադատության նախարարից, որն օրենքի առաջին պաշտպաններից պետք է լիներ: Նա փոխանցել է, թե ինքն օրենք չի խախտել, դրա համար «Արմենիա TV»-ին պետք է դիմել: Իսկ խաղի մյուս մասնակիցը՝ Վաչե Գաբրիելյանն ի պատասխան շեշտել է, թե ինքը եւ մյուս պետական պաշտոնյաները, մասնակցելով այդ խաղին, որևէ կերպ չեն իրականացրել պետական գործառույթ, որն անպայմանորեն կպահանջեր հայերեն լեզվի կիրառում. «Նմանատիպ հայերեն խաղերի անցկացման դեպքում մեծ ուրախությամբ կմասնակցեմ նաև դրանց` դիտելով դա կրկին ոչ որպես պետական գործառույթ: Կարծում եմ, որ պետական պաշտոնյաների` նմանատիպ միջոցառումներին մասնակցությունն արժանի է հասարակության աջակցմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031