Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Տեր-Եսայանին նոր հանգամանքներ են հայտնի դարձել 2004-ի ավազակային հարձակման մասին

Հունվար 09,2012 19:12

«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր Եսայանը 2011 թ. դեկտեմբերի 23-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մասնավորապես նշելով, որ ճանաչվել է տուժող  անհայտ անձի կողմից 2004 թվականի ապրիլի 30-ին իր բնակարանում կատարված ավազակային հարձակման փաստի առթիվ քրգործով, որը հարուցվել էր Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնում. «30.11.2004թ. վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել գործի վարույթը կասեցնելու մասին, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։ Նկատի ունենալով այն, որ այս ժամանակահատվածում ինձ հայտնի են դարձել որոշ հանգամանքներ, որոնք կապված են իմ բնակարանում կատարված ավազակային հարձակման եւ այն կատարած անձանց հետ, ուստի խնդրում եմ հանձնարարել՝ թիվ 13120404 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին, ինչպես նաեւ խնդրում եմ բացառության կարգով գործի նախաքննության կատարումը հանձնարարել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը»:

«Առավոտի» խնդրանքով պարզաբանելով, թե ինչու է ցանկանում, որ նախաքննությունը վարի ոչ թե ոստիկանությունը, այլ ԱԱԾ-ն՝ Տիգրան Տեր-Եսայանն ասաց. «Կան կասկածներ,  մտահոգություններ, քանի որ կան մարդիկ, որոնք առնչվել են այս քրգործին 2004 թվականին եւ այսօր էլ դեռ համակարգում են, զբաղեցնում են բարձր պաշտոններ: Ուստի ցանկալի չէ, որ այս գործը հիմա էլ լինի իրենց ենթակայության տակ»: Նշենք, որ 2004-ին Կենտրոնի ոստիկանության պետը Հովհաննես Թամամյանն էր

Հիշեցնենք, որ 2004-ին՝ իբրեւ Փաստաբանների միջազգային միության նախագահ, Տիգրան Տեր-Եսայանը ներկայացնում էր ոչ միայն «Ա1+»-ի, այլ նաեւ ընդդիմադիր մի շարք գործիչների շահերը դատարաններում: Եվ օրը ցերեկով կատարված այդ զինված ավազակային հարձակումից երկու ամիս անց մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ արձանագրելով, որ նախաքննության մարմինն այս գործի կապակցությամբ տարօրինակ անգործություն է դրսեւորում. «Մենք չենք բացառում, որ ինչպես հանցագործությունը, այնպես էլ նախաքննության մարմնի նման վերաբերմունքը կապված են Տիգրան ՏերԵսայանի մասնագիտական գործունեության եւ քաղաքացիական դիրքորոշման հետ»:

Ինքը՝ Տիգրան Տեր-Եսայանն այդ ընթացքում զերծ էր մնում մեկնաբանություններից, եւ այժմ էլ ասաց. «Ես երբեւիցե չեմ փորձել իմ ընտանիքի, անձնական խնդիրներս շահարկել այլ նպատակներով: Եվ այժմ էլ չեմ ցանկանում: Պարզապես նշեմ, որ քրեական գործի վարույթը տեւեց մոտ 3-4 ամիս, ու ընթացավ շատ վատ գործընթացով: Առնվազն ակնհայտ էր մասնագիտական անգրագիտությունը, թափթփվածությունը, եթե նույնիսկ չկային շահադիտական նկատառումներ»:

Փորձեցինք պարզել նաեւ, թե ինչ նոր հանգամանքներ են այժմ հայտնի դարձել իրեն՝ կապված իր բնակարանում կատարված ավազակային հարձակման եւ այն կատարած անձանց հետ, ինչի մասին գրել էր դիմումում, սակայն Տիգրան Տեր-Եսայանն ասաց. «Չեմ ուզում ժամանակից առաջ անցնել: Չգիտեմ՝ կմերժեն, թե կհարգեն խնդրանքս, որ որպես բացառություն՝ այլ մարմին վարի նախաքննությունը: Բայց վաղ թե ուշ՝ կիմանաք նաեւ այդ մասին»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, Տիգրան Տեր-Եսայանը մի հետաքրքրական պատմություն ներկայացրեց Հովհաննես Թամամյանի առնչությամբ, որը կներկայացնենք վաղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031