Հունվարի 5-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.30-ի սահմաններում, Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Մարտունու քաղաքի բնակիչ, 26-ամյա Սարգիս Սարգսյանը։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ։
Ոստիկանները հիվանդանոցում պարզում են, որ Ս. Սարգսյանը հրազենային վնասվածքը ստացել է ձախ ուսի շրջանում։ Նույն օրը Մարտունու ոստիկանապետի կողմից ստեղծվում է օպերատիվ խումբ։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա Մարտունու ոստիկանները պարզում են, որ նույն օրը՝ ժամը 21.00-ից 21.30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Աբովյան փողոցին հարակից «Պավել և ընկերներ» ՍՊԸ–ին պատկանող գազալցակայանում, այնուհետև նույն գազալցակայանի տարածքում, տեղի է ունեցել վիճաբանություն։
Վիճաբանությանը մասնակցել են Մարտունու քաղաքի բնակիչներ 36-ամյա Արմեն Գասպարյանը և 34-ամյա Համլետ Պողոսյանը։ Ոստիկանները օպերատիվ տեղեկությամբ պարզում են, որ վիճաբանության ժամանակ Ա. Գասպարյանը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել Սարգիս Սարգսյանը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իր հետ զրույցում մարտունեցիները պատմում էին, որ Ս. Սարգսյանը կապ չի ունեցել վիճաբանության հետ և, երբ Ա. Գասպարյանը ատրճանակով անկանոն կրակոցներ է արձակել, այդ ժամանակ Ս. Սարգսյանը պատահաբար վնասվածք է ստացել։
Կարդացեք նաև
Արդեն հաջորդ օրը՝ հունվարի 6-ին, Մարտունու բժշկական կենտրոնից նորից ոստիկանությանը հայտնում են, որ իրենց է դիմել Մարտունու քաղաքի բնակիչ 33-ամյա Կարեն Մուշեղյանը, որ ոտքի ազդրային մասում ունեցել է հրազենային վնասվածք։ Մարտունեցիները ֆոտոլրագրողին իրեն պատմել են, որ Կ. Մուշեղյանը աշխատում է ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանությունում, իսկ Մարտունի բժշկական կենտրոնից էլ հայտնել են ֆոտոլրագրողին, որ Կ. Մուշեղյանը տեղափոխվել է Երևան ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ։
Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել նաև, որ Կ. Մուշեղյանը իրավապահներին հայտնել է, որ հրազենային վնասվածքը ստացել է նշված գազալցակայանում՝ վիճաբանության ժամանակ։ Դեպքի վայրից Ա. Գասպարյանը դիմել է փախուստի, իսկ նրա նկատմամբ ոստիկանության Մարտունու բաժնում հայտարարվել է հետախուզում։ Դեպքի վայրում ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ–քննչական խումբը հայտնաբերել է կրակված 4 պարկուճ և մեկ գնդակ, որոնք առգրավվել են, և քննիչի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մարտունու քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր–ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 235 հոդվածի (ապօրինի զենք–զինամթերք պահելը, կրելը և օգտագործելը) հատկանիշներով։