Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գյումրիում գրեթե ամեն օր թալանում են դժոխքի վերածված առանձնատունը

Հունվար 09,2012 17:53

Դեռեւս 13 տարի առաջ Գյումրու կենտրոնում` Տեքստիլագործների թաղամասում, գրանցվեց մարդասպանության ամենադաժան դեպքերից մեկը. անհայտ անձիք Պարոնյան 59 հասցեում գտնվող իր առանձնատանը, օրը ցերեկով, բառի իսկական իմաստով, մորթել էին բիրժայի աշխատակից Ռաֆիկ Անանյանի ընտանիքի բոլոր անդամներին: 59-ամյա տանտիրոջը սպանել էին նկուղում, կնոջը`դաշնակահարուհի Հասմիկ Մադոյանին` տան աստիճանների վրա, իսկ 22-ամյա դստերը`Զառա Անանյանին, մահճակալի մեջ` կենդանի թողնելով միայն վերջինիս հաշմանդամ, նորածին երեխային:

Թե ո՞րն էր եղել «Բռլիանտ Ռաֆի» ընտանիքին այդպես դաժանորեն բնաջնջելու պատճառը, մինչեւ օրս հայտնի չէ, ոստիկանությունը չի կարողացել կամ չի ցանկացել բացահայտել մարդասպանությունը: Սակայն այս փաստը դեռ չբացահայտված` նոր հանցագործություն է կատարվում առանձնատանը: Այսօր հարեւանները ահազանգել էին Aravot.am-ին` տեղեկացնելով, որ անհայտ մարդիկ շարունակում են վրեժ լուծել սպանված «Բռիլիանտ Ռաֆից». նոր տարին չսկսված` արդեն 3 անգամ մտել են նրա դատարկ տունը` հիմնականում քրքրելով նկուղը, որտեղ սպանվել է տանտերը:

Հետաքրքիրն այն է, որ հարեւանները ոստիկանություն դիմելու փոխարեն զանգահարել էին մեզ` փորձելով Գյումրու նորանշանակ ոստիկանապետ Շաշիկյանին փաստի մասին տեղյակ պահել խմբագրության միջոցով:

Մենք այսօր եղանք այդ առանձնատանը` ականատես լինելով, թե ինչ կոկիկությամբ են հանել 2-րդ հարկի պատուհանի երկաթյա ճաղերը, նաեւ ապակին ու ելումուտ արել: «Ի՞նչ են ուզում, չես հասկանում: Իմ տեխնիկան` վիդեոն, DVD-ն այդ տանն էր, բայց ոչ մի բան չեն տարել, երեւի մտածում են էս դատարկ տան պատերն էլ են բրիլիա՞նտ: Թող բանալին ինձանից ուզեին՝ կտայի, մարդավայել թող ներս մտնեին, բայց հո էսպես չի կարելի, ապակի են կոտրում, դարպասի փականներն են հանում:Մարդկանց մորթեցին հլը չպրծա՞ն: Պատկերացրեք էնքան ռիսկով են գողերը, որ էս շաբաթվա մեջ 3 անգամ ազատ ելումուտ են արել` ուզում են ասած լինել, որ ոչ հարեւաններից են վախենում, ոչ էլ ոստիկաններից»,- ասում էր Անանյանների խնամին`տիկին Սեդան, չհասկանալով, թե ո՞րն է այցի նպատակը:

Տիկին Սեդայի ասելով, տանտերերի մահից հետո, այդ տանը բնակվում էր իր որդու ընտանիքը: Հարսը` Կարոլինան, Ռաֆիկ Անանյանի կրտսեր դուստրն է, սակայն վերջիններս վախից այս տարվա հունիսին թողել ու հեռացել են Հայաստանից: Մի քանի ամիս է` տանը տիրություն է անում խնամին` տիկին Սեդան, որն այժմ մոլորվել է` ինչպես վարվի. գողերը գրեթե ամեն օր հյուրընկալվում են:

Ի դեպ, հարեւանների ասելով, տունը չի վաճառվում` համբավ ունենալու ու ինչ-որ տեղ անիծված լինելու պատճառով: Անանյանների ընտանիքից առաջ, այդ տան աստիճաններից ընկել ու մահացել է նաեւ նախկին տանտիրոջ թոռը, բացի այդ, ըստ հարեւանների, այստեղ պատահաբար մեռնում էին նաեւ հյուր եկողները:

Անանյանների խնամին մտավախություն ունի, որ օրերից մի օր էլ կքանդեն տանտերերի գերեզմանն ու ադամանդ կսկսեն որոնել այնտեղ:

Իմիջայլոց, հարեւանների պատմելով, Ռաֆիկ Անանյանն իր մահից առաջ սգո նվագի կենդանի կատարմամբ իրեն գերեզման է փորել, իր լուսանկարով գերեզմանաքար տեղադրել ու վրան որպես մահվան թիվ `արձանագրել է 2000 թվականը: Հարեւանները նաեւ ասում էին, որ իրենց թաղում շատ դատարկ տներ կան, որոնք սակայն գողերին բացարձակապես չեն հետաքրքրում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031