Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաջարան գյուղը մեզ համար հայրենիք է, որի շուրջ որեւէ սակարկություն լինել չի կարող»

Հունվար 09,2012 17:41

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն և երախտագիտություն  հայտնել  բոլոր այն մարդկանց, հասարակական, քաղաքական կազմակերպություններին, բնապահպան ակտիվիստներին, լրատվամիջոցներին, ովքեր Քաջարան գյուղի համար դժվարին այս օրերին նեցուկ եղան, աջակցեցին մեզ` զավթիչներից գյուղը պաշտպանելու ազգային և հայրենասիրական գործում: Մենք հույս ունենք, որ այդ աջակցությունը շարունակություն կունենա  մինչև խնդրի հաղթական լուծումը:

Այսօր ուզում եմ անդրադառնալ ևս մի քանի հարցի, որոնք հրատապ են պայքարի ներկա փուլում:

  1. Գյուղի տարածքը Քաջարանի կոմբինատին տալու կողմնակիցները հաճախ են շեշտում «հանրային գերակա շահ» հասկացությունը: Մինչև հիմա, սակայն, ոչ ոք չի փորձել պարզաբանել, բացատրել այդ բառակապակցության իմաստը: Հիմա ուզում եմ վերջնականապես հասկանանք, թե ինչ է նշանակում  «հանրային գերակա շահ»:

Ուրեմն` կշեռքի մի նժարին սահմանային Քաջարան գյուղն է, մյուսին` մի քանի անհայտ, ծպտված մարդկանց անձնական շահը, փողի, թալանի հանդեպ անզուսպ մոլուցքը: Եկենք որոշենք` սահմանային Քաջարան գյո՞ւղն է գերակա շահ  մեր երկրի համար, թե՞ մի քանի հոգու  (որոնց անունները գաղտնի են պահվում հանրությունից) անձնական շահը:

Հանրային գերակա շահի մասին խոսելիս հաճախ են մեզ հիշեցնում, թե դրա արդյունքում պետական բյուջե ավելի շատ փող  կմտնի: Դե իհարկե պիտի դրանից հարկերի չափն ավելանա: Մի՞թե հարկեր վճարելն էլ ուզում են բարեհոգություն համարել: Բյուջեի փողի նպատակն էլ ի վերջո պետք է սահմանամերձի ամրացումը լինի: Եթե բյուջեում փող ունենք, իսկ սահմանում` լքված գյուղեր, ապա ո՞ւմ է պետք այդ բյուջեն:

Ելնելով վերը ասվածից, մեկ անգամ ևս հայտարարում եմ` գերակա հանրային շահը նախ և առաջ սահմանային գյուղի պաշտպանությունն ու ամրապնդումն է: Այլ գերակա շահ չեմ պատկերացնում:

  1. Վերջին ամիսներին մոդայիկ է դարձել մայրաքաղաքից որոշ պաշտոնյաների` Քաջարան գյուղ գալ-գնալը: Եվ բոլորն էլ միաբերան, այցի ավարտից հետո հայտարարում են, թե Քաջարան գյուղում ընդամենը մի քանի ընտանիք է ապրում: Մաքսիմ Հակոբյանը Նոր տարվա նախօրյակին հայտարարեց, թե տասներկու ընտանիք է ապրում  գյուղում:  Այդ կարգի հայտարարությունները ոչ միայն սուտ են  ու զրպարտչական, այլև ամոթալի հենց Մաքսիմ Հակոբյանի համար: Եթե իսկապես Քաջարան գյուղում ընդամենը տասներկու ընտանիք է ապրում, ապա առաջին հերթին դրանից պետք է ամաչի կոմբինատի տնօրենը: Նրա և մյուս պրոպագանդիստների հորինած տեղեկատվությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ տարիներ շարունակ այնքան է անտեսվել Քաջարան գյուղի շահը, որ մարդկանց մի մասը հեռացել է այնտեղից: Եթե մենք մի քիչ բարոյականություն ունենանք, ապա պետք է գյուղում ապրողներին խրախուսենք, մարդկանց պատճառած ամենօրյա վնասը փոխհատուցենք, այլ ոչ թե մնացածներին վարկաբեկենք, ահաբեկենք ու քշենք գյուղից:
  2. Նոր տարվա նախօրյակին Կապանի տեղական հեռուստատեսությամբ երկար լռությունից հետո ելույթ է ունեցել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը. աչքներս լույս: Նրա ելույթը լսելուց հետո ևս մեկ անգամ եզրակացրեցինք, որ Հայրենիքի նրա ընկալումը և մեր պատկերացումն իրար հետ ոչ մի կապ չունեն: Այդ ելույթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք պայքարում ենք սահմանային Քաջարանի լինելության, մեր պետության հարավային սահմանների ամրապնդման համար, իսկ Մաքսիմ Հակոբյանը և իր ծպտյալ գործընկերները պայքարում են իրենց, իրենց անհամար եղբայրների ու զավակների, իր` կասկածելի դավանանքի տեր տեղակալների ու օգնականների հարստացման համար: Պետական գերակա շահի անունից խոսող այդ մարդիկ նույնիսկ իրենց զավակներին բանակ չեն ուղարկել, իրենց հայրենի գյուղում թիկնապահներով են շրջում և օրերով փակվում Քաջարանից դուրս գտնվող իրենց պալատներում:

Նրանք խոսում են գյուղին իբր մի քանի միլիոն դրամ տալու մասին, իսկ իրենցից յուրաքանչյուրի ամսական աշխատավարձը միայն կազմում է մի քանի միլիոն դրամ, որոշներինը` մի քանի տասնյակ միլիոն դրամ, երբ նույն կոմբինատի բազմաթիվ աշխատողների ամսական միջին աշխատավարձը մոտ 80-90 հազար դրամ է: Այդ մարդիկ շատ վաղուց պետական ու հանրային շահը շփոթում են անձնական շահի հետ: Եթե չեք հավատում, ապա հաշվեք-հաշվարկեք, թե կոմբինատի` այսպես կոչված «արբանյակ» ձեռնարկություններից քանիսն են պատկանում Մաքսիմ Հակոբյանին ու նրա մերձավորներին, փորձեք ճշտել, թե տարեկան քանի միլիարդ դրամ է փոխանցվում հորինված այդ ձեռնարկություններին: Այնպես որ Մաքսիմ Հակոբյանի և մեր պատկերացրած Հայրենիքը միանգամայն տարբեր հասկացություններ են: Ուրեմն` գյուղի ճակատագրի շուրջ Մաքսիմ Հակոբյանի և նրա ծառաների հետ բանակցելն անլուրջ գործ ենք համարում, ինչի համար և վաղուց հրաժարվել ենք այդ բանակցություններից:

  1. Ինչպես գիտեք, օրեր առաջ հրաժարականի դիմում էի ներկայացրել տարածքային իշխանությանը: Տեղյակ եմ պահում, որ այդ դիմումը ընթացք չի ստացել, դեռևս ուժի մեջ է և կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության կառավարությունը չի հրաժարվել հայտնի հակազգային որոշումից:
  2. Վերջին շրջանում կոմբինատի պաշտոնյաների կողմից համառորեն կեղծիքներ են տարածվում այն մասին, թե իբր Քաջարան գյուղի բնակիչները 1968թ. հայտնի երկրաշարժից հետո փոխհատուցում են ստացել: Հայտարարում եմ` դա զրպարտություն է: Այն ժամանակ պետության կողմից մասնակիորեն փոխհատուցվել են երկրաշարժի պատճառած վնասները, և երբեք խոսք չի եղել մարդկանց տների ու ունեցվածքի ամբողջական փոխհատուցման մասին: Ավելին, մոտ 50 տարի փայտե` վաղուց փտած տներում մարդկանց պահելը մեծագույն ամոթ է նախ և առաջ կոմբինատի համար:
  3.  Ուզում եմ հայ  հանրությանը տեղյակ պահել, որ գյուղի տարածքի համար վերջին ամիսներին մղվող պատերազմի ընթացքում Քաջարանի կոմբինատի վերնախավը ահուսարսափի քաղաքականություն է իրականացնում գյուղի և գյուղացիների հանդեպ, թեև նրանց ահաբեկումներից մենք չենք ընկճվում: Դեռևս երկու տարի առաջ են գյուղի երկու ճանապարհի վրա արգելափակոց դրել և շուրջօրյա հսկողություն սահմանել դեպի գյուղ եկող-գնացողների վրա: Իսկ հիմա Քաջարան գյուղի բանակից զորացրված երիտասարդներին աշխատանքի չեն ընդունում` մարդկանց հուսահատության մատնելու համար:
  4. Մենք դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին` իրենց երկրի կառավարության միջոցով ապահովել «Քրոնիմետ մայնին» ընկերության տնօրեն Պիլարսկու այցը Քաջարան գյուղ, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հենց այդ ընկերությունն է կոմբինատի գլխավոր սեփականատերը: Գյունտեր Պիլարսկին պետք է բացատրություն տա քաջարանցիներին, թե ինչու են անպայման հավակնում մեր գյուղի տարածքին, երբ գործող հանքավայրը կբավականացնի ևս 2 դար:
  5. Դիմում եմ նաև Հայաստանի կառավարությանը` վերջնականապես բացահայտել Քաջարանի կոմբինատի իրական սեփականատերերի անունները, որպեսզի Քաջարան գյուղի բնակիչները նրանցից պահանջեն փոխհատուցում` ամեն օր գյուղի օդային ավազանին և շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող աներևակայելի վնասների համար:
  6. Օգտվելով առիթից` ևս մեկ անգամ ի լուր ամբողջ Հայաստանի, գյուղի ամբողջ բնակչության անունից հայտարարում եմ` գյուղի տարածքի որևէ մաս “ԶՊՄԿ” ՓԲԸ-ին տալու շուրջ որևէ զիջում  կամ բանակցություն լինել չի կարող: Մեր պայքարը շարունակական է: Դարերի ընթացքում քաջարանցին քանիցս պաշտպանել է իր գյուղն օտար զավթիչներից: Այսօր էլ մենք վճռական ենք մինչև վերջ` տեր կանգնելու մեր բնօրրանին և դիմագրավելու զավթիչներին: Եթե շատ-շատերի համար Քաջարան գյուղը հանքավայր է, նորանոր միլիոններ դիզելու միջոց, ապա մեզ համար այն Հայրենիք է, որի շուրջ որևէ սակարկություն լինել չի կարող:

Կոչ եմ անում իմ հայ ժողովրդին` միանալ քաջարանցիների անզիջում պայքարին: Օգտվելով ընձեռված առիթից` թույլ տվեք շնորհավորել հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ ազգիս համար 2012-ը լինի նվաճումների և հաղթանակների տարի:

Ռաֆիկ ԱԹԱՅԱՆ

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031