Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Պեպելյան. «Մտածեք իմ մասին ինչ ուզում եք, բայց իմ փոխարեն՝ երբեք»

Հունվար 09,2012 15:54


Անցած շաբաթվա սկզբին հայտնի դարձավ` Քրիստինե Պեպելյանը ամուսնացել է: Լուրը անակնկալ էր ոչ միայն նրա երկրպագուների ու  լրագրողների համար, այլեւ նրա գործընկերների: Այդ մասին խոստովանեց հենց երգչուհին «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում: Սակայն մինչ բուն հարցազրույցը ձեզ ներկայացնելը, կցանկանայի միասին հիշենք մի պատմություն Քրիստինեի մասնակցությամբ, որը «ուղիղ կապ» ունի նրա ամուսնության հետ: Անցյալ տարի երգչուհին «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության հետ մեկնել էր Գերմանիա՝ Էմմիին գոտեպնդելու: Հայաստան վերադառնալու օրը Քրիստինե Պեպելյանն ու դիզայներ Արևիկ Սիմոնյանը հյուրանոցի զուգարանում՝ լվացարանի մոտ, գտել էին թանկարժեք մատանի և այն հանձնել հյուրանոցի աշխատակիցներին: Հետո պարզվել էր, որ մատանին պատկանում է մի հայտնի գերմանացի փաստաբանի կնոջ, ով ասուլիս էր կազմակերպել և շնորհակալություն հայտնել մատանին գտնող-վերադարձնողներին: Ըստ հայկական մի «լեգենդի»` ով մատանի է գտնում, նա այդ տարի պետք է ամուսնանա: Ու քանի որ դիզայներ Արեւիկ Սիմոնյանը արդեն ամուսնացած էր, մնում էր միայն Քրիստինե Պեպելյանը…

 

Մի առիթով ասել էիք, որ պատահականությունների չեք հավատում: Դրա մասին նաեւ երգում եք: Հանդիպումը՝ ապագա ամուսնու հետ եւս պատահակա՞ն չէր:

 Իհարկե: Ընդհանրապես կյանքում ոչինչ չի լինում պատահական: Ես հավատում եմ իմ երգածին:

 Մի էլի շատ հայտնի երգում էլ ասում եք. «Հյուսել եմ շեկ մազերս, հավանել ես նազերս»: Այդպե՞ս գերեցիք նրան 🙂:

 (Ծիծաղում է. – Հ.Հ.): Չէ, առանձնապես կապ չունի: Ուրախ, կատակ երգ էր, երգեցի:

 2009-ի նոյեմբերի 21-ին Ձեր մենահամերգն էր Արամ Խաչատրյան համերգասրահումԱյդ համերգի ժամանակ ասել էիք, որ ցանկանում եք 4 երեխա ունենալ: Տղա՞ աղջի՞կ և ինչո՞ւ` 4:

 Ես երազում եմ ունենալ 4 առողջ երեխա, սեռը կապ չունի: Իսկ թե ինչո՞ւ 4. ես մենակ եմ մեծացել, փոքր ընտանիքում: Մտածել եմ, որ իմ ընտանիքը անպայման պետք է մեծ, աղմկոտ լինի, ինչպես իտալական ընտանիքներում: Ես կարոտ եմ եղել մեծ ընտանիքի աղմուկին: Սա է պատճառը:

 Մի առիթով էլ ասել եք, որ լիարժեք ընտանիք հասկացությունը այդպես էլ չեք իմացել ինչ է, քանի որ ապրել եք առանց հայր: Կա կարծիք, որ յուրաքանչյուր աղջիկ իր ամուսնու մեջ փորձում է տեսնել իր ապագա երեխաների հորը: Դուք եւս այդպե՞ս եք մտածում և, ընդհանրապես, ըստ Ձեզ, հոր դերը ընտանիքում, երեխաների դաստիարակության հարցում ինչքա՞ն է կարևոր:

 Ընտանիքը լիարժեք անվանելու համար պարտադիր պետք է ներկա լինեն երկու ծնողները: Ես երազում եմ մեծ ընտանիքի մասին, ինչպես արդեն նշեցի և շատ կցանականամ, որ գնալով ընտանիքս ավելի մեծանա: Միշտ մտածել եմ, որ կցանկանայի կողքիս ունենալ այնպիսի մեկին, որ որդի ունենալու դեպքում ասեմ՝ այ, պետք է հորդ նման լինես: Միշտ երազել եմ դրա մասին:

 Կատարվե՞ց Ձեր երազանքը:

 Երազանքի կեսը` այո, կատարվեց, մնում է տղան ծնվի (ծիծաղում է.-Հ. Հ.):

 Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ Ձեզ համար չկա իրական կամ ոչ իրական սեր, սերը ուղղակի կամ կա, կամ չկա: Իսկ խանդին ինչպե՞ս եք վերաբերում. սիրո՞, թե՞ անվստահության արդյունք է:

 Ես կարծում եմ, որ մարդու տեսակի հարց է: Կապված է, թե ո՞վ է քո կողքի տղամարդը, թե ո՞ւմ հետ ես դու շփվում: Ես ինքս խանդոտ չեմ և ավելորդ կասկածների տեղիք չեմ տալիս: Մտածում եմ, որ դրանք ավելորդ բացասական լիցքեր են, որ մարդն իր շուրջն է հավաքում: Ինչի՞ է պետք այդ ամենը: Ես երբեք չեմ ընդունում հիվանդագին խանդը:

 Սիրո մեջ կարեւորվում են խոսքերը: Ինչպե՞ս է Ձեզ դիմում Ձեր ընտրյալը, փաղաքշական ի՞նչ անուներ է ասում:

 Խոսքերը կարեւոր չեն լինի, եթե չլինի գործողություն, որն ապացուցում է այդ սերը: Պետք է վերաբերմունք լինի: Ես վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, որ խոսքերը կարողանային գերել իմ սիրտը: Իսկ սիրելիս ինձ դիմում է, ինչպես իմ ընկերները՝ Կիծյո:

 «Իմ երգերն իմ կյանքի մասին են, իմ պատմությունն են պատմում: Երգն ինձ համար արտահայտվելու ամենալավ ձեւն է. շատ բաներ կան, որ խոսքով չես կարող ասել, իսկ երգով կարողանում ես խոսքդ հասցնել այն մարդուն, ով դրա տերն է»: Սա ասել եք Դուք: Ո՞ր երգի հասցեատերն է Ձեր ամուսինը:

Թույլ տվեք շատ չակերտներ չբացել այդ առումով, որպեսզի մարդիկ չկենտրոնանան երգի վրա, համացանցում չփնտրեն, լսեն, տեսնեն, թե ինչ եմ ասում, տողատակերում ոչինչ չփնտրեն: (ծիծաղում է. Հ. Հ.) 

 Բայց կա՞ն այդպիսի երգեր:

 Իհարկե կա:

 Մե՞կը, երկո՞ւսը:

 Մի քանիսը, ու դրանք շուտով կավելանան:

 Ի՞նչ սպասի Ձեր հանդիսատեսը իր սիրած երգչուհուց` ամուսնությունից հետո:

 Կարծում եմ, որ ոճային փոփոխություններ կլինեն, բայց ոչ տեսքի հետ կապված: Ավելի շատ երգերի առումով կլինեն նորություններ: Կլինի նոր նախագիծ, որը կապված է իմ նոր

ձայնասկավառակի հետ: Հուսամ, որ եւս մեկ մենահամերգ կունենամ Երեւանում` գարնանը կամ ամառվա սկիզբին: Կլինեն 10-12 նոր երգեր ձայնասկավառակում, որոնցից մի քանիսն արդեն պատրաստ են: Նոր երգերից մեկը, ըստ նախնական պայմանավորվածության, կլինի Հանրային հեռուստատեսությամբ սկսվող «Գեներալի աղջիկը» սերիալի սաունդտրեկը: Երգը կոչվում է «Երանի»: Ի դեպ, այն մարդիկ, ովքեր կունենան լավ երգեր, որոնք կցանկանան իմ կատարմամբ լսել, ես պատրսատ եմ նրանց հետ համագործակցել, կարող են ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին: Ինձ համար կապ չունի հեղինակը ճանաչված կլինի, թե՝ ոչ, կարեւորը երգը որակով լինի:

 Դուք նաեւ «Արմենիա» հեռուստաընկերությունում նոր հաղորդում ունեք Ֆելիքս Խաչատրյանի հետ: Հաղորդումը Ձեր սրտո՞վ է:

 Առահասարակ ես միշտ անում եմ այն, ինչն իմ սրտով է լինում: Ինձ դժվար է ստիպել անել մի բան, որը ես չեմ ուզում, չեմ հավանում: Ես կոմպրոմիսի գնացող մարդ եմ, բայց իմ բեմական և հեռուստատեսային գործունեությանը վերաբերող հարցերում դժվար կարողանամ անել մի բան, որը ինձ համար չէ:

 Ինչպես հասկացանք` Ձեր կյանքի այս հատվածում ստեղծագործական շատ բեղուն շրջանում եք: Անձնականին ժամանակ մնո՞ւմ է:

 Անձնական կյանքս իմ ուղեղում է 24 ժամ: Կապ չունի, թե ես որտեղ եմ, ինչ իրավիճակում, իմ անձնականի համար ես պատասխանատու եմ ամեն վայրկյան: Ես գիտեմ, որ կողքիս արդեն ունեմ մի մարդ, ում նկատմամբ կրում եմ պատասխանատվություն իմ խոսքերի, բոլոր քայլերի, պահվածքի համար:

Մայրիկի համար դժվա՞ր չէ առանց Ձեզ:

 Սա առաջին Նոր տարին էր, որ ես մայրիկիս մենակ թողեցի: Մայրս, ճիշտ է, մենակ է, բայց այս տարի իր կյանքի ամենաուրախ Ամանորը տոնեց: Մենք միշտ մամայիս հետ ընկերուհիներ ենք եղել, և այսօր էլ ոչինչ չի փոխվել: Մայրս նաեւ առաջինն է եղել, ով ինձ շնորհավորել է ամուսնության առթիվ:

 Շոու-բիզնեսի ընկերները եւս շնորհավորեցի՞ն:

 Եղան մարդիկ,  ովքեր ինձ զանգեցին ու շնորհավորեցին: Սրտանց ուրախ էին ինձ համար:

Նրանց համար էլ էր անակնկալ Ձեր ամուսնությունը:

 Շատերի համար` այո:

 Առիթ չէր եղել ասելո՞ւ:

 Չէ, ուղղակի չէի ասել:

 Գիտենք, որ շատ փոքր կազմով է եղել հարսանեկան արարողությունը և չեք ցանկացել հարսի զգեստ հագնել:

 Ես երբեք հարսանիքի ու հարսի զգեստի մասին չեմ երազել: Ինձ համար երջանկությունը հարսի շորի ու մեծ խնջույքի մեջ չէ: Միգուցե սա կապված է նաեւ նրա հետ, որ բեմական կյանքում այնքան շատ ես կրում ճոխ, փայլուն հագուստներ, որ սովորական կյանքում աչքդ կշտացած է լինում դրանից: Ես չեմ կարծում, որ հիմա այն տարիքում եմ, որ հարսի շոր պետք է հանգնեի, հարսնաքույրը կանգներ կողքս ու հարսանիք լիներ:

Ձեր ամուսնությունով կարելի՞ է ասել` Ձեզ համար սկսում եք հին գրքի նոր էջ գրել: Իսկ նախորդ էջերում ի՞նչ եք թողել, որ շատ թանկ են Ձեզ համար: 

Ես համարում եմ իմ կյանքը նվեր ինձ և իմ ամեն օրն ապրում եմ վերջին օրվա պես: Միգուցե շատերն ասեն, որ ես սխալ եմ անում, բայց ես այդպես եմ ապրել մինչեւ հիմա: Ես ուզում եմ շատ բան հասցնել անել, շատերին ասել, որ սիրում եմ իրենց, որ ուրախանամ իմ ապրած այդ օրվա համար: Ամեն վայրկյանը, որ տրվում է մարդուն գնահատել է պետք: Երբ ես սկսել եմ իմ անհատական կարերիան, իմ առջեւ նպատակ եմ դրել՝ մնալ այն մարդը, ով եղել եմ այդ պահին ու խոստացել եմ ինքս ինձ, որ ոչ մի բան չպետք է փոխի ինձ: Ես չեմ կարող շնորհակալ չլինել այն հանդիսատեսին, երկրպագուներին, ովքեր կերակրում են ինձ: Երբեք պետք չէ մտածել, թե այդպես էլ պետք է լիներ: Որ րոպեին դու նման բան մտածեցիր, վերջ, դու կորած ես: Ամեն ինչ կփոխվի քո կայնքում:

Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, ում համարում են հայկական շուուբիզնեսի կնքահայր, մի առիթով ասել էր, որ Դուք՝ որպես երգչուհի իրեն զարմացնում եք. «Նա մլավում է: Մի «մատնաչափ» երգեր է կատարում»,- ասել է Գրիգորյանը: Իսկ թատրոնում աշխատելու տարիներին, ըստ իրեն, Դուք հրաշալի երգում էիք: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

 Ամեն մարդ իր տեսակետն ունի: Նույն երաժշտությունը չի կարող բոլորի դուրը գալ: Եթե Արթուր Գրիգորյանը կարծում է, ես «մլավում եմ», նույն հաջողությամբ էլ, ես մտածում եմ, որ ինքը չէ հայկական շուբիզնեսի կնքահայրը: Չկա նեղանալու որևէ բան: Եթե ես այն արտիստն եմ, որը  մլավում է, ապա, կարծեմ, 6 տարի Երգի թատրոնում եմ «մլավել»: Միգուցե այստեղ ճաշակի հարց կա, երգերը սիրել- չսիրելու:  Համենայնդեպս ես կարծում եմ, որ իմ ձեռագիրը Թատրոնում աշխատելու տարիների հետ համեմատած շատ չի փոխվել: Ինձ համար միեւնույնն է, թե ինչ կասեն իմ հասցեին, ես, ամեն դեպքում,  Արթուր Գրիգորյանից չեմ կարող շնորհակալ չլինել այն 6 տարիների համար, որոնք ես անցկացրել եմ Թատրոնում: Շատ կարծիքների հետ կարող եմ համաձայն չլինել, քանի որ ես այսպիսի մարդ եմ՝ ես բոլոր հարցերի վերաբերյալ ունեմ իմ կարծիքը և մարդկանց միշտ ասում եմ` մտածեք իմ մասին ինչ ուզում եք, բայց իմ փոխարեն՝ երբեք:

Մինչ հարցազրույցը խնդրել էիք, որ չլինեն խիստ անձնական հարցեր: Կգա՞ մի օր, երբ Դուք կցանկանաք խոսել Ձեր ամուսնու, Ձեր սիրո պատմության, Ձեր գտնված երջանկության մասին:

 Նախ ուզում եմ իմ երկրպագուներին դիմել ու ասել, որ նրանք միշտ համբերատար են եղել ու կարծում եմ, որ այս դեպքը եւս բացառություն չի լինի: Իրենք շատ համբերատար, շատ գեղեցիկ ու զուսպ ձեւով կպահեն իրենց: Այս պահին չեմ կարող նշել  կոնկրետ ամսաթիվ, ժամկետ, որի ավարտին ես կխոսեմ ձեր նշած հարցերի մասին: Ես մի օր կարթնանամ ու կհասկանամ, որ սա այդ օրն է:

 Հ.Գ. Երբ օրը գա, Քրիստինե Պեպելյանը խոստացել է առաջինը պատմել «Առավոտ երիտասարդականի» ընթերցողներին իր ամուսնության մասին: Երջանկություն մաղթենք երգչուհուն ու նրա ամուսնուն և սպասենք այն պահին, երբ հայկական երգարվեստի կապուտաչյա գեղեցկուհին պատրաստ կլինի բացել իր սիրտը երկրպագուների առաջ ու խոսել շատ անձնական, բայց շատերին ուրախություն պատճառած նորության մասին:

Հռիփսիմե Հովհաննիսյան       

 

   

               

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031