Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Մենք ական ենք Ռ. Քոչարյանի եւ նրա նմանների ճանապարհին»

Հունվար 09,2012 12:57

Կարծո՞ւմ եք արդյոք, թե նախաքննության մարմինն իրականացրեց այն պահանջը, որ 2011-ի ապրիլին ՀՀ նախագահի նստավայրում հրավիրված խորհրդակցության ժամանակ ուղղել էր Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի  վերաբերյալ. «Կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որեւէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տեւական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել եւ այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»:

– Ըստ Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականի, որի ձեւակերպումը չէր պարունակում այդ հանձնարարականի կատարման հստակ պարտադրանք, կարելի է ասել, որ նախաքննական մարմինը կատարեց այդ հանձնարարականը: Այսինքն` նա պարբերաբար, առաջին հերթին միջազգային կառույցներին, ինչպես նաեւ մեր հասարակությանը ցույց էր տալիս, որ իրենք «փնտրտուքի» մեջ են, «առավել մանրակրկիտ» նորից անդրադառնում են հին հանգամանքների նոր ուսումնասիրությանը,: Իրականում այդ «փնտրտուքի» եւ մանրակրկիտ ուսումնասիրության առարկա դարձան իրենց հին  ուսումնասիրությունները: Այլ կերպ ասած, իրենք ուշադրությամբ վերընթերցեցին հենց իրենց կողմից նախկինում կազմած հազարավոր էջերից բաղկացած նյութը:

Միաժամանակ ուզում եմ նշել, որ հանձնարարականի մեջ նշված էր, թե նախաքննական մարմինը պետք է գտներ բացահայտման «նոր» ուղիներ: Իրականում նոր ուղիներ փնտրելու որևէ կարիք չկար եւ չկա, պարզապես պետք է ուսումնասիրվեին այն արդեն իսկ հայտնի հանգամանքները, որոնք միտումնավոր անտեսվել էին նախկինում:

Նախաքննական մարմինը հասկացավ Սերժ Սարգսյանի հանձնարարականի պահանջն այնպես, ինչպես վերջինս կուզենար, որ դա հասկացվեր եւ գործեց համապատասխանաբար` սպանության որևէ դեպք չբացահայտեց, որևէ պատասխանատու չպատժվեց,   նախապատրաստվեց եւ հրապարակվեց զոհերին հանցագործ որակող անընդունելի զեկույց: Այն, որ այս գործելակերպը և դրա արդյունքում հրապարակված զեկույցը լիովին համապատասխանում էին Սերժ Սարգսյանի պահանջին՝ հաստատվում է Վահագն Հարությունյանի պաշտոնի բարձրացմամբ:

– Չե՞ք կարծում արդյոք, որ այս հանձնարարականից հետո, ինչպես նաեւ հետագա երկխոսության ընթացքում՝ կարծես երկրորդ պլան մղվեց զոհերի պատասխանատուների բացահայտման խնդիրը: Համենայնդեպս՝ ՀԱԿ գործիչները սկսել են հազվադեպ անդրադառնալ այդ հարցին, այս մասին առավել խոսում են զոհերի հարազատները:

– Ես չեմ կարծում, որ զոհերի պատասխանատուների բացահայտման խնդիրը մղվել է երկրորդ պլան, դա եղել եւ շարունակում է մնալ շարժման կարեւորագույն պահանջներից մեկը: Բայց չեմ կարող նաեւ չհամաձայնվել այն մտքին, որ երկխոսությունը չնպաստեց այդ պահանջի կատարմանը:

Զոհերի հարազատները հիմնական պահանջատերերն են, բայց դա չի նշանակում, որ այդ բեռը պետք է մնա միայն իրենց ուսերին. մարտի 1-ի պահանջատերը պետք է լինենք մենք բոլորս, ամբողջ հասարակությունը:  Ինչպես հոկտեմբերի 27-ի  չբացահայտումը, այնպես եւ մարտի 1-ի չբացահայտումը, հնարավորություն չեն տալիս մեզ դուրս գալ այս թունավորված քաղաքական մթնոլորտից, իշխանությանը իրավունք չեն տալիս խոսել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասին, իսկ ընդիմությանը զրկում են այդպիսի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Ուստի մարտի 1-ի բացահայտումը պետք է տեղի ունենա մինչեւ ընտրությունները: Եթե իշխանություններն այդ չանեն, ապա դա կարվի ընդիմադիր ուժերի եւ հասարակական կառույցների համատեղ ջանքերով:

– Ինչպե՞ս եք մեկնաբանում զոհերի հարազատների դժգոհությունը: Մասնավորապես, երբ Հայաստանի կառավարությունը դեկտեմբերին մերժեց 2008-ի մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների ընտանիքներին հաջորդ տարվա պետբյուջեից գումար հատկացնելու առաջարկը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում զոհված Սամվել Հարությունյանի մայրը՝ Զարիկ Արթինյանը նշեց. «Ընդդիմությունն էլ բացարձակ ոչինչ չի անում»:

– Զոհերի հարազատների դժգոհությունը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի իրականացված լիարժեք բացահայտում եւ բոլոր պատասխանատուները՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած, չեն երթարկվել պատժի: Ես համոզված եմ, որ հարազատների համար առաջնային է մարդասպաններին եւ նրանց հրաման տվողներին արդարադատության առաջ կանգնեցնելը, այլ ոչ թե նյութական փոխհատուցում ստանալը: Եվ քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ինձ համար շատ հասկանալի է նրանց դժգոհությունը նաեւ ընդիմությունից, որովհետեւ նրանք արդարության հասնելու ճանապարհ տեսնում են միայն իշխանափոխությունը, իսկ դրա միակ իրականացնող` համախմբված ընդդիմադիր հասարակությանը, որն իմ կարծիքով մեր երկրում կազմում է մեծամասնություն:

Հարազատների կողմից ընդիմության հասցեին արտահայտած դժգոհությունն ընդդիմության գործողությունների արդյունավետության չափորոշիչներից մեկն է: Այս իրողությունների հետ ՀԱԿ-ը, որպես ամենաառանցքային ընդդիմադիր ուժ, որի հիմնադիր պահանջներից մեկն է մարտի 1-ի բացահայտումը եւ  պատասխանատուներին պատժի ենթարկելը, չի կարող հաշվի չնստել:

– Որպես նախկին փաստահավաք խմբի անդամ, որն ուսումնասիրել է այն ցուցակը, ըստ որի՝ մարտի 1-ին մի շարք պաշտոնյաների եւ օլիգարխների, այդ թվում նաեւ՝ Գագիկ Ծառուկյանի խմբերը հանդերձանք էին ստացել ՊՆ-ից եւ մասնակցել ապօրինի գործողությունների, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքագիտական վերլուծության մեջ չբացառեց ԲՀԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը:

– Ես բազմաթիվ անգամ արտահայտել եմ իմ կարծիքը մարտի 1-ի հանցագործության բոլոր պատասխանատուների վերաբերյալ: Կարող եմ կրկնել, որ ԲՀԿ-ն եւ Ռ.Քոչարյանը անբաժանելի գործընկերներ են, և այս պահին էլ ակնհայտ երևում է նրանց շարունակական համատեղ գործողությունների տրամաբանությունը: Եվ ինձ համար տեսանելի չէ ԲՀԿ-ի հետ համագործակցության որևէ եզր, քանի դեռ իրականացված չէ մարտի 1-ի ամբողջական եւ լիարժեք բացահայտում:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ այս վերլուծությունից հետո ոգեւորված քոչարյանամետ լրատվամիջոցները սկսեցին խոսել ՀԱԿ-ում ականների մասին՝ այս կապակցությամբ նշելով նաեւ Ձեր անունը:

– Լավ կլինի, որ Քոչարյանին սպասարկող լրատվամիջոցներն իրենց վերլուծական միտքը կառուցեն ոչ թե երազախաբություններից ելնելով, այլ ելնելով իրողություններից: Իսկ իրողությունն այն է, որ այո. ես եւ իմ ընկերները կարող ենք լինել ական, բայց ոչ ՀԱԿ-ի ներսում այլ Ռ. Քոչարյանի եւ նրա նմանների ճանապարհին, որպեսզի մեր երկրում չկրկնվեն հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը:

Հարցազրույցը վարեց՝ Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031