Այսօր՝ հունվարի 9-ին, Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի դատավարությունը։
Ինչպես դատարանից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստը վարում է նշված դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։ Դատարան են ներկայացել Մարգար Օհանյանը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Արա Լևոնյանը և Սամվել Մախմուրյանը։
Մեղադրանքը նշված դատական նիստում պաշտպանում է Գլխավոր դատախազության դատախազ Հարություն Հարությունյանը։
Դատարանի ողջ վարչական շենքը վերցված է ուժեղացված հսկողության տակ, որը ղեկավարում է նշված դատարանի կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը։ Դատարան մուտք գործող բոլոր քաղաքացիներին պարտադիր ստուգում են։
Կարդացեք նաև
Դատական նիստի քարտուղարը դատարանին ներկայացրեց բոլորին և նրանց փաստաբաններին։
Դատական նիստի դահլիճում, որը տեղի է ունենում նշված դատարանի 2-րդ հարկի թիվ 2-րդ դահլիճում կարելի է ասել «ասեղ գցելու տեղ չկա»։
Դատարանում Մարգար Օհանյանի կողքին նստած է Ստեփան Կարախանյանը, ում ցուցմունքների հիման վրա է, որ մեղադրանք է առաջադրվել Մարգար Օհանյանին։ Այս պահին դատական նիստը շարունակվում է։
Դատարան ներկայանալու ժամանակ Ստեփան Կարախանյանը, տեսնելով լրագրողներին, արտահայտվեց. «Նկարե՛ք, նկարե՛ք, էնքան նկարեք մինչև կշտանաք՝ մեռնե՛ք», ինչին լրագրողները պատասխանեցին՝ «ավելի լավ է նկարելով մեռնենք, քան՝ բենզին գողանալով»։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ