ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միությունը 2011 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչել Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիան»: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը` լավագույն ռեժիսոր է ճանաչվել Թերենս Մալիկը` «Կյանքի ծառ» ֆիլմի համար: Նույն ֆիլմն արժանացել է նաեւ լավագույն օպերատորական աշխատանքի համար նախատեսված պարգեւին:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Մելանխոլիայում» գլխավոր դերը կատարած դերասանուհի Քիրստեն Դանսթը, իսկ լավագույն դերասան է դարձել Բրեդ Փիթը` «Մարդ, որը փոխեց ամեն ինչ»(Moneyball) եւ «Կյանքի ծառ» ֆիլմերում խաղացած դերերի համար:
Օտար լեզվով լավագույն ֆիլմ է ճանաչվել իրանական «Նադերի եւ Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմը, որի սցենարը նույնպես ճանաչվել է անցած տարվա լավագույնը:
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միության մեջ մտնում են Լոս-Անջելեսի, Բոստոնի, Նյու-Յորքի եւ Չիկագոյի խոշորագույն թերթերի 58 մեկնաբաններ: Կինոքննադատների կողմից նկատված ֆիլմերից, դերասաններից եւ ռեժիսորներից շատերը հաճախ են դառնում ամերիկյան կինոարտադրության գլխավոր մրցանակաբաշխության` «Օսկարի» հավակնորդներ: