Չորրորդ գումարման Ազգային Ժողովի 8-րդ և 9-րդ նստաշրջանների ընթացքում ամենից հաճախ կամ ամենաշատը քվեարկության կոճակը սեղմել են քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները: Իսկ ամենից շատ ելույթներ ունեցած և հարցեր տված պատգամավորների թոփ տասնյակում, ընդհակառակը, միայն քաղաքական փոքրամասնության՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն են:
Ըստ «Ռադիոլուրի» հրապարակած վիճակագրության՝ երկու նստաշրջանների ընթացքում ամենաշատը քվեարկած պատգամավորների եռյակը կազմում են Հանրապետական խմբակցության պատգամավորները:
Առաջին տեղում Գալուստ Սահակյանն է, ով 433 քվեարկություններից մասնակցել է 410-ին, երկրորդ և երրորդ տեղերը հավասար միավորներով կիսում են Կարինե Աճեմյանն ու ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Ի դեպ Գագիկ Մելիքյանը երկրորդն է ոչ միայն ամենաշատը քվեարկած, այլ նաև ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորների տասնյակում: Նա 409 անգամ քվերակել է և այդ 409-ից 407-ի դեպքում կողմ քվեարկության կոճակն է սեղմել:
Կարդացեք նաև
Վերջին երկու նստաշրջանների արդյունքներով ՝ ամենաշատը խորհրդարանում ելույթներ ունեցել ու հարցեր ուղղել են ընդդիմության ներկայացուցիչները:
Թե հարցերի, թե ելույթների առումով առաջատարը «Ժառանգությունից» Լարիսա Ալավերդյանն է: «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը լրագրող Լուսինե Վասիլյանի հետ զրույցում ասել է, թե դա բնականոն վիճակ է համարում՝ զուգահեռներ տեսնելով խորհրդարանում իրենց, խորհրդարանից դուրս ՝ «Չենք լռելու» նախաձեռնության միջև: «Բերվում են այնպիսի օրենքներ, որոնց վերաբերյալ պարզապես չի կարելի լռել: Գիտեք, այդպիսի նախաձեռնություն կա ՝ «Չենք լռելու»: Մենք դա խորհրդարանում ենք փորձում անել»:
Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ իր ունեցած բազմաթից հարցերի ու ելությների արդյունքում իրավիճակը որոշակիորեն շտկվում է, որոշ հարցեր բարելավվում և ուղղվում են:
Ի դեպ նիստերի ընթացքում շատ արտահայտվելու հարցում վերապահումներ ունի ոչ միայն քաղաքական մեծամասնությունը, այլ նաև ընդդիմադիր մյուս խմբակցության ներկայացուցիչը: ՀՅԴ անդամ Արծվիկ Միանասյանի կարծիքով՝ այս դեպքում կարևոր է ոչ միայն այն , թե որքան հաճախ է արտահայտվել պատգամավորը, այլ նաև այն, թե ինչ բովանդակություն է ունեցել այդ խոսքը. «Կարող են լինել հարցեր ու ելույթներ, որոնք ոչ միայն ըստ էության չեն, այլև որևէ օգուտ չեն տալիս քննարկումներին»:
Այդուհանդերձ, հարցերի առումով ամենակտիվ եռյակում հայտնվելը ի՞նչ է հուշում կամ ինչ ուղերձ է փոխանցում դաշնակցական պատգամավորին. «Առաջին մեսիջը, անկեղծ ասած, այն էր, թե միթե ես այդքան շատախոս եմ: Այդ տեսանկյունից այնքան էլ ուրախացնող չէր, քանի որ լուրջ պատգամավորի համար կարևորը ոչ թե այն է, թե որքան հաճախ է խոսել կամ հարց տվել, այլ այն, թե մասնագիտական ինչ մակարդակով է մասնակցել քննարկումներին»:
Ամենաշատը՝ 58 անգամ օրինագծերն ամբողջությամբ ընդունելու քվեարկությունների ժամանակ դեմ արտահայտվել է ԱԺ նախկին նախագահ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Թորորսյանը: Նրան հաջորդում են ՀՅԴ-ից Արա Նռանյանն ու «Ժառանգությունից» Անահիտ Բաշխյանը:
Ինչ վերաբերում է խորհրդարանից անբաժան բացակայությունների թեմային, ապա աշնանային նստաշրջանի արդյունքներով՝ բացակաների տասնյակը որոշակիորեն փոփոխվել է:
Եթե գարնանային նստաշրջանի արդյունքներով ըստ բացակայությունների առաջատարը Ռուբեն Հայրապետյանն էր, ապա աշնանային նստաշրջանում նա այլևս քվերակություններից ամենաշատը բացակայած պատգամավորը չէ: Առաջատարն արդեն Հարություն Փամբուկյանն է , ով չի մասնակցել 433 քվերակությունից 414-ին: Նա ի դեպ վերջին երկու նստաշրջանների ընթացքում միայն մեկ քվեարկության է մասնակցել: 2010 թվականի հոկտեմբերին կողմ է արտահայտվել «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն: