Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից արդեն նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 7-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Երևանում տեղի ունեցած վրաերթ–վթարի փաստով։
Ինչպես «Առավոտին» հայտնել էր ֆոտոլրագրողը, «Աուդի A6» մակնիշի DWC-2216 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ Հետիոտնը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։
Քննչական մարմինը պարզել է, որ վրաերթի ենթարկվածը Երևանի պետական համալսարանի գիտաշխատող 46-ամյա Նունե Հակոբյանն է, որը բնակվում է Երևանի Պռոշյան 1 շենքում, իսկ վրաերթը կատարել է 47-ամյա Միսակ Ղասաբօղլյանը, որն աշխատում է «Սևան ազգային պարկում»՝ որպես պահակ, և բնակվում է Սևան–Նաիրյան փողոցի 176 շենքում։
Վրաերթից հետո Մ. Ղասաբօղլյանը «Աուդի»-ով բախվել է «Տիգրան» ՍՊԸ–ին պատկանող Կոտայքի մարզի Զովունի 21 փողոցի բնակիչ, 50-ամյա Գագիկ Հակոբյանի վարած 4153 Տ համարանիշի թիվ 36 երթուղու «Զոնդա» մակնիշի ավտոբուսին։
ՃՏՀ քննության բաժնում քննություն է սկսվել։