Երեկ` դեկտեմբերի 7-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.30-ի սահմաններում Բաղրամյան 84 շենքի` «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց «Աուդի Ա6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել է թիվ 36 երթուղու «Զոնդ» մակնիշի ավտոբուսին:
Վրաերթի ենթարկված հետիոտնը, որը փողոցն անցնելիս է եղել չթույլատրված հատվածով, դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, «Աուդի Ա6»-ի վրայից հանվել էին համարանիշները:
Կարդացեք նաև
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը:
Նրա հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական գործողություններ` պարզելու համար վրաերթի ենթարկված կնոջ և վրաերթ կատարած վարորդի ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ