Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան դատարանի որոշմամբ տեղափոխվեց բանտ

Հունվար 07,2012 20:31

Այսօր՝ հունվարի 7-ին, Երևանի Կենտրոն–Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Երևանի ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվեց Արմեն Հարությունյանը։ Ինչպես «Առավոտ»-ին դատարանից քիչ առաջ հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանում դռնփակ դատական նիստ էր, որը նախագահում էր դատավոր Գագիկ Խանդանյանը։ Դռնփակ դատական նիստում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը միջնորդել է, որպեսզի դատարանը 2-ամսյա կալանք կիրառի Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ 48-ամյա Արմեն Հարությունյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրօր–ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով։

Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչ Դավիթ Մարտիրոսյանի միջնորդությունը, և Ա. Հարությունյանը վերցվեց 2-ամսյա կալանքի, որից հետո նրան տեղափոխեցին ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 3-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Ա. Հարությունյանն իրեն պատկանող «ԲՄՎ X5» մակնիշի 10 ՈԼ 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտնին՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Արամ Մարգարյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Ա. Մարգարյանը տեղում մահացել էր։

Նույն օրը՝ կեսգիշերին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևանի ճանապարհային ոստիկանության, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ աշխատանքների արդյունքում հանցագործությունը բացահայտվել էր։

Ա. Հարությունյանը նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում, իսկ նրա եղբայրը՝ Արամ Հարությունյանը՝ ՀՀ գլխավոր դատախազության համակարգում։

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքի մոտ հավաքվածները պատմել էին, որ իրականում վրաերթի հեղինակը եղել է ոչ թե Արմեն Հարությունյանը, այլ նրա որդին, ինչը պետք է պարզվի քննության ընթացքում։

Դռնփակ դատական նիստին ներկա էր նաև Ա. Հարությունյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031