Անջելինա Ջոլին առաջին անգամ իր ուժերը փորձում է որպես ռեժիսոր՝ «Արյան եւ մեղրի երկիրը» դրամայում, որի սցենարի հեղինակն էլ է ինքը:
36 – ամյա դերասանուհին նկարահանում է ֆիլմ՝ բոսնիացի սերբ զինվոր Դանիելի եւ մուսուլման արտիստ Այլայի մասին, որոնք հայտնվում են հակամարտող կողմերում՝ 1992-ին բոսնիական պատերազմի ժամանակ:
Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին նաեւ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, եւ այդ առաքելությամբ եղել է շատ երկրներում, այդ թվում՝ նաեւ Բոսնիայում: Նա այդ մասին պատմվածք էր գրել իր ամսագրում:
«Ես տեսել էի, թե ինչպես է հասարակությանը վնասել պատերազմը,- The star-ին տված հարցազրույցում ասել է Անջելինա Ջոլին:- Ես երբեմն գրում էի ամսագրերում: Այժմ ուղղակի որոշեցի դա անել այլ ձեւով: Սա լավ առիթ է ինձ համար ի վերջո հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել բոսնիական պատերազմի ժամանակ, քանի որ ես 17 տարեկան էի, երբ այն տեղի էր ունեցել»:
Կարդացեք նաև
Սցենարի առանցքում պատերազմի բռնություններն են՝ կնոջ տեսանկյունից: Ցուցադրվում են կանանց բանտում գտնվող Այլան եւ այլ բանտարկյալները, որոնց մեծամասնությունը սեռական դաժան վերաբերմունքի է ենթարկվում իրենց պահնորդների կողմից: Դրանցից մեկն էլ Դանիելն է, որն ընկերություն է արել Այլայի հետ մինչեւ հակամարտությունը, եւ այժմ նա բանտարկված է ու նրանք պետք է ապրեն նոր իրականության մեջ, որը փոխել է ամեն ինչ:
Ջոլիի ամուսինը՝ Բրեդ Փիթը, համոզել էր նրան հրապարակել իր պատմվածքը: «Բրեդը մի օր կարդաց այն, եւ ասաց, որ շատ լավն է»,- պատմել է Ջոլին՝ հավելելով, թե պատմվածքի հիման վրա կինոնկար նկարահանելու գաղափարը խենթ էր:
Ֆինանսավորումը խնդրահարույց էր, այնպես որ՝ Ջոլին ու Փիթն են ներդրել ֆիլմի համար պահանջվող գումարի, ըստ ասեկոսեների՝ 13 մլն դոլարի մեծ մասը: Նա բացատրել է, թե այսպես վարվելով եւ դառնալով ռեժիսոր, վերահսկողություն ունի կինոնկարի նկատմամբ եւ կարող է օգտագործել նախկին Հարավսլավիայի դերասաններին, որոնք վերապրել են պատերազմը, ինչպես նաեւ՝ նկարահանել կինոնկարի երկու տարբերակներ՝ անգլերեն եւ բոսներեն-խորվաթերեն-սերբերեն:
«Նրանց համար սա ոչ միայն կինոնկար է: Նրանց համար սա անձնական է, սա մի տուն է, որտեղ նրանք դեռ ապրում են,- ասել է Ջոլին:- Դեռ ատելություն կա, դեռ շատ բան կա վերականգնելու: Դեռ այնքան թարմ են վերքերը»:
Ջոլին ավելի քիչ է մտահոգված կինոնկարի առեւտրային ներուժով, քան դրա ունակությամբ՝ կրթելու եւ տեղեկացնելու, եւ փոխանցելու իր ուղերձը դիտողներին:
Դերասանուհին նաեւ զրուցել է լրագրողների հետ, որոնք լուսաբանել են պատերազմը Բոսնիայում. «Սրանք ամենախորը զրույցներն էին լրագրողների հետ, որոնք երբեւէ ունեցել եմ իմ կարիերայի ընթացքում: Շատ հաճելի է կենտրոնանալու ինչ որ այլ բանի վրա, որը գիտենք, թե շատ ավելի կարեւոր է, քան մնացած բաները»: