Թուրքիայի բանակի նախկին հրամանատար, գեներալ Իլքեր Բաշբուգը ձերբակալվել է ուրբաթ օրը՝ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքներով:
Գեներալի փաստաբանը հայտնել է, որ իր հաճախորդը բանտարկվել է իշխանությունների կողմից՝ ահաբեկչական կազմակերպություն գլխավորելու մեղադրանքներով:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը գեներալ Իլքեր Բաշբուգը հրավիրվել էր դատախազություն` պատասխանելու այսպես կոչված «Էրգենեկոն» ցանցի հետ կապերի մեջ մեղադրվող բանակի ներկա և նախկին սպաների դատավարության հետ կապված հարցերի:
Թուրքիայի մեղադրող կողմի համաձայն, «Էրգենեկոն» ցանցի մասնակիցները 2003 թվականին փորձել էին իրականացնել երկրի կառավարությունը վարկաբեկելու նպատակով ռմբակոծություններ և այլ հարձակումներ, ինչպես նաև ռազմական հեղաշրջում կազմակերպել ընդդեմ կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության:
Կարդացեք նաև
«Էրգենեկոն»-ի գործի կապակցությամբ իրականացվող լայնածավալ հետաքննության շրջանակում Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ավելի քան 300 մարդ, ներառյալ լրագրողների, գիտնականների և քաղաքական գործիչների:
«Էրգենեկոն»-ի գործի պատճառով միջազգային հանրությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայում մամուլի ազատության վիճակով:
«Ամերիկայի ձայն»