Այսօր՝ հունվարի 6-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես aravot.am- ն հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 01.30-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները ուժեղացված ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի երիտասարդ ցանկանում է իրեն ցած նետել Կիևյան կամրջից։
Ոստիկանության աշխատակիցները, մոտենալով երիտասարդին, սկսել են բանակցություններ վարել նրա հետ, ինչի արդյունքում հաջողվել է կանխել երիտասարդի կողմից իրեն ցած նետելու մտադրությունը։ Բանակցությունները տևել են 2-3 րոպե, ինչից հետո Արաբկիրի ոստիկանները երիտասարդին տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները պարզել են, որ այդ երիտասարդը Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 31-ամյա Լ. Խ.-ն է, ով, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների, ամուսնացած է, ունի անչափահաս աղջիկ։ Այգեպատ գյուղում ֆոտոլրագրողին պատմել են, որ հնարավոր է, որ երիտասարդը ցանկացել է իր կյանքին վերջ տալ, քանի որ, ըստ երիտասարդի, ինքն ունի անբուժելի հիվանդություն և վախեցել է, որ աղջիկը մեծանա, կիմանա այդ մասին, դրա համար էլ չի ուզեցել ապրել։
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Կարեն Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրվել Լևոն Խաչատրյանի հարազատները և նրան ստորագրությամբ հանձնել են հարազատներին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն 2011 թ–ին ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է ինքնասպանության փորձի 119 դեպք։