Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (WBA) 61,2 կգ քաշային կարգի սուպերչեմպիոն, մեքսիկացի Խուան Մանուել Մարկեսին զրկել է տիտղոսից՝ կանոնակարգի կարեւորագույն պահանջներից մեկը խախտելու համար, ըստ որի նա պարտավոր էր 18 ամսվա ընթացքում տիտղոսի պաշտպանության մենամարտ անցկացնել պարտադիր հավակնորդ ճանաչված մրցակցի հետ:
Թե Մարկեսն ապագայի ինչ ծրագրեր ունի, հայտնի չէ, սակայն «BBC News»-ը հիշում է նրա անվան հետ կապված մի բացառիկ պատմություն, երբ Մեքսիկայի Միչոական նահանգում քաղաքապետի ընտրությունների արդյունքները նրա պատճառով չեղյալ հայտարարվեցին: Բանն այն է, որ ընտրությունների նախորդ օրը Մարկեսը Լաս-Վեգասի ռինգ էր մտել գլխավոր ընդդիմադիր՝ Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության խորհրդանիշով վարտիքով, որի թեկնածուն հաղթել էր: Դատարանն էլ, որոշել էր, որ ճանաչված բռնցքամարտիկը խախտել է Մեքսիկայի ընտրական օրենսդրությունը՝ իրականացնելով արգելված քարողարշավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ