Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդածութիւն Ամանորի եւ Սուրբ Ծննդեան

Հունվար 05,2012 16:03

Սիրելի բարեկամ,

Նոր Տարուայ սկիզբն է կրկին եւ Սուրբ Ծննդեան ՄեԾ Աւետման օրերը…

Իւրաքանչիւրս ունենք մեր երազներն ու ցանկութիւնները այս խորհրդաւոր, օրհնութեամբ եւ ուրախութեամբ լեցուն օրերի մէջ եւ միջից, որոնք անպայմանօրէն չեն վերաբերում մեր անհատական, անձնական կեանքին այլ դուրս են գալիս դրա շրջանակներից հաւաքական եւ համայնական ընդգրկում ունենալով:

Այսօր եւ այս օրերին վստահ եմ, որ բոլորս էլ ցանկանում ենք հեռու մնալ “ծանր եւ լուրջ” խորհրդածութիւններից, փորձելով այս մի քանի պահերը ապրել նրանցից զերծ՝ ինքնաազատուած կամ ինքնաազատած այն բոլոր հոգսերից եւ մտածումներից, որոնք սովորաբար մեզ պատում են մեր առօրեայ կեանքում: Այսույանդերձ, այս օրերն են այն ժամանակահատուածը, երբ ճոխ ուրախութիւններից եւ “ուտել-խմելուց” անդին մեզ հնարաւորութիւն է տրուած դադարի եւ անդրադարձի: Այլապէս այդ “Խորհուրդ ՄեԾ”ը, Թանկագին Շնորհը կը վերածուի էժանագին շնորհի՝ անհասկանալի եւ չը բացատրուած “ուրախութեան” մէջ անընդհատ թանձրանալով, խաւարելով կորցնելով իր առանձնայատկութիւնը, մաքրութիւնն ու պարզութիւնը…

Մենք ապրում ենք ԷՄՄԱՆՈՒԷԼ-ի վերյիշեցման օրերի մէջ՝ այսինքն ԱՍՏՈՒԱԾ ՄԵԶ ՀԵՏ է Խոստումի մէջ…մենք այդ Խոստումի ժողովուրդն ենք: Դու այդ Խոստումի զաւակն ու ժառանգն ես…Աստուած քեզ հետ է…Մեր Աստուածը մեզ՝ ինձ եւ քեզ հետ է…Գոյութիւն ունի՞ արդեօք սրանից աւելի մեծ Խոստում եւ պարգեւ: Եւ այս օրերի մեր հարցադրումը ճիշտ այդ մասին է… իսկ մենք Իր հետ ե՞նք կամ ցանկանո՞ւմ ենք լինել…

Միջին պատասխան գոյութիւն չունի այն կամ այո է կամ ոչ եւ ոչ երբէք ըստ հարմարութեան; Այո, բայց երբ ինձ է հարմար…

Մենք որպէս ժողովուրդ մեզ տրուած այս Խոստումը նշում ենք աշխարհից առանձին՝ մեր սեպհական ժամադրութիւնն ունենալով Աստուծոյ հետ, որպէս ընտրուած ժողովուրդ…Յունուար 5-6-ը մեր Ինքնութեան Տօնն է, մեր ինքնարժեւորման, Տիրոջ հետ առանձին Հանդիպման…

Սիրելիս, այս ամէնը պատրաստուած է ինձ եւ քեզ համար, ժառանգորդը եւ պատիւն ստացողը ես եւ դու ենք եւ միայն ու միայն ինձանից ու քեզանից է կախուած այդ Շնորհի իրագործումը…

Երանի՜ այդ Շնորհը դառնա ԳՈՐԾՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ,

Երանի՜ այդ Շնորհը ԱՐԾԱՐԾՈՒԻ եւ դառնա իւրաքանչիւրի ՍԵՊՀԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ…

Երանի՜ այդ Շնորհը ՄՈՒՏՔ ԳՈՐԾԻ ամեն տուն եւ ընտանիք լցնելով այն սիրով, ջերմութեամբ ու բարութեամբ,

Երանի՜ այդ Շնորհը դառնա ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ յատկապէս բոլոր նրանց համար, ովքեր պատասխանատւութիւն ունեն ԾԱՌԱՅԵԼՈՒ ժողովուրդին եւ ոչ թէ ծառայեցնելու նրան…

Երանի՜ այդ Շնորհը դառնա ԱՂԲԻՒՐ Նոր իրականութեան մեր հարազատ ու համբուրելի երկրում, որպեսզի հայ նուիրեալ զաւակը պատճառ չունենա սպառուելու աստիճան պայքարելու եւ կռուելու թռչկանների, արամիխաչմերուկների, թեղուտների, քաջարանների, իր բնաշխարհի ու կենսամիջավայրի համար, այլ կարողանա ապրել արժանապատիւ իր իսկ Տան մէջ՝ իր ներուժն ու գիտելիքը ներդնելով նրա զարգացմանն ու ծաղկմանը…

Երանի՛ այդ Շնորհը դառնա ՄԻՋԱՎԱՅՐ, որպեսզի ամեն հայ մարդ զգա իրեն իր երկրի տէրը եւ ոչ երբէք սոսկ բնակիչը եւ կարողանայ ազատ ու ապահով ապրել իր բնօրրանում առանց որեւէ պատճառի այն ցաւով լքելու ստիպուած եւ “Արի Տուն”ով տեղահանուած…

Երանի՜ այդ Շնորհը դառնա ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆ իշխանաւորի ու պարզ քաղաքացու, սպայի ու զինուորի, բժշկի եւ բուժուողի, հոգեւորականի ու աշխարհականի, ոստիկանի եւ քաղաքացու, հայաստանաբնակի ու սփիւռքահայի համար ապրելու որպէս ՅԱՂԹԱՆԱԿԱԾ ժողովուրդ, մեր արժեքի ու Ինքնութեան ճիշտ ընկալումով, որպէս Խոստումի եւ Էմմանուէլի ժողովուրդ:

Թող այդ Շնորհը վերադարձնի մեզ մեր ԺՊԻՏԸ եւ երբէք մեր շրթներին չը հնչի բանաստեղծի այժմէացած խօսքը, որ

Երնէկ թէ այս Նոր Տարին,

Վերջ տայ հայու ցաւերին,

Չարը կորչի ու բարին,

Բուն դնէ մեր սրտերին,

այլ միշտ զրնգա իր ողջ ճշմարտութեամբ ու էութեամբ, թէ

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱ՜Ւ…

Բագրատ եպիսկոպոս Գալստանեան

31.12.2011.

Փառաւոր Խաչի վանք

Շառլըուայ,

Քուեբէք, Կանադա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031