Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է «Առավոտին», որ այսօր՝ հունվարի 5-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ, ձերբակալվել է Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ 48-ամյա Արմեն Հարությունյանը։
Նրա նկատմամբ քննիչ Դ. Մարտիրոսյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրօր–ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 3-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Ա. Հարությունյանն իրեն պատկանող «ԲՄՎ X5» մակնիշի 10 ՈԼ 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտնին՝ Երևանի բնակիչ 39-ամյա Արամ Մարգարյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Ա. Մարգարյանը տեղում մահացել էր։
Նույն օրը՝ կեսգիշերին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևանի ճանապարհային ոստիկանության, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ աշխատանքների արդյունքում հանցագործությունը բացահայտվել էր։
Կարդացեք նաև
Ա. Հարությունյանը նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում, իսկ նրա եղբայրը՝ Արամ Հարությունյանը՝ ՀՀ գլխավոր դատախազության համակարգում։
Ա. Հարությունյանն այժմ տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։