Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին հաշմանդամների առօրյա կյանքն ու հոգսերը

Հունվար 05,2012 14:25

Հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա կյանքն ու հոգսերը կրկին դարձան «օն-լայն» ձևաչափով շահագրգիռ քննարկման առարկա: Նորվեգիայի կառավարության աջակցությամբ իրագործվող «Գործընկերություն՝ հանուն ներառման և հավասար հնարավորությունների» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հաշմանդամների շահերին և իրավունքներին նվիրված երկրորդ տարածաշրջանային տեսահամաժողովը:

Միջոցառման համակազմակերպիչները դարձան նշված բնագավառում ակտիվորեն աշխատող «Ունիսոն» հայաստանյան հասարակական կազմակերպությունը և իր վրացական գործընկերը՝ ի դեմս «Հատուկ խնամքի կարիք ունեցող մարդկանց ասոցիացիայի» (ՀԽԿՄԱ):

Երկու կողմից տեսահամաժողովում մասնակցեցին օրենսդիր և գործադիր իշխանության կառույցների, ոլորտին առնչվող միջազգային կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների պատվիրակներ: Համաժողովի ընթացքում զրուցակիցները քննարկեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանում և Վրաստանում առկա իրավիճակը,  անդրադարձան կրթության, զբաղվածության և առողջապահության ոլորտներում առկա խնդիրներին, մշակութային և սպորտային կյանքում հաշմանդամների ներգրավվածությանը վերաբերող հարցերին:

Դա չափազանց կարևոր թեմա է,- ընդգծում է ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը:- Անշուշտ, պետական կառույցները պարտավոր են այն մշտապես պահել իրենց ուշադրության կենտրոնում, սերտորեն համագործակցելով քաղաքացիական սեկտորի հետ: Հաշմանդամների հանդեպ (հատկապես` հաշմանդամ երեխաների կրթության հարցերին) պետք է իրական ուշադրություն դրսևորել, այլ ոչ թե խոսքերով սահմանափակվել:

Երկխոսության մասնակիցները լիահույս էին այն առումով, որ փորձի նման փոխանակումը օգտակար կլինի մեր եկրներում հաշմանդամների իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանության տեսանկյունից, Հայաստանի ու Վրաստանի կառավարություններին կդրդի հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարձրացմանը, հասարակությունից նրանց մեկուսացվածությունը հաղթահարելուն ուղղված բարեփոխումների ավելի ակտիվ ու հետևողականորեն իրականացմանը:

Մի քանի օր անց Հայաստանի և Վրաստանի հաշմանդամության ոլորտի ներկայացուցիչները շարունակեցին երկխոսությունը վերոհիշյալ ծրագրի շրջանակներում՝ այս անգամ Սկայպի միջոցով: Մտքերի փոխանակման համար անցկացվեց չորս ֆոկուս-խումբ՝ մատչելիություն, կրթություն, զբաղվածություն, մշակույթ և սպորտ թեմաներով: Զրուցակիցները պատմեցին այդ բնագավառներում կուտակած փորձի, ինչպես նաև առկա դժվարությունների մասին: Մասնավորապես, Վրաստանի ներկայացուցիչները փաստեցին, որ, չնայած ԶԼՄ-ների կողմից տվյալ խնդիրների բավական ակտիվ լուսաբանմանը, մարդիկ դեռ պատրաստ չեն հաշմանդամներին ընկալել որպես հասարակության լիարժեք անդամներ (թերևս, այդ առումով իրավիճակը մեզ մոտ էլ է հեռու բավարար լինելուց – Ա.Գ.): Ընդծվել է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:

Վրաստանում լույս է տեսնում «Իմեդի+» ամսագիրը, որի նվիրված է հաշմանդամների շահերի և իրավունքների պաշտպանությանը: Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում նմանատիպ հանդեսի տպագրմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայերեն և վրացերեն լեզուներով երեք տեղեկագիր պատրաստելու և տպագրելու մասին, ուր կլուսաբանվեն նշված ոլորտում առկա վերջին զարգացումները: Տեղեկագրերի էլեկտրոնային տարբերակները կտեղադրվեն Disabilitynet.info վեբ-կայքում: Դա «Գործընկերություն՝ հանուն ներառման և հավասար  հնարավորությունների» ծրագրի վերջին ծանրակշիռ բաղադրիչը կդառնա:

Այնուամենայնիվ, Հարավային Կովկասի երկրներում հաշմանդամների շահերի և իրավունքների պաշտպանության կատարելագործմանը նպատակաուղղված համագործակցությունը կշարունակվի: «Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու անհատներին միանալ այս գործընթացին,- ասում է «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:- Գրանցվելով նշված կայքի «Ֆորում» բաժնում, նրանք կկարողանան հնարավոր գործընկերներ գտնել, օգտակար փորձ և ուշադության արժանի տեղեկատվություն փոխանակել»:

 Աշոտ Գարեգինյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031