Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր Արցախի «Ասպարեզ» ռազմաուսումնական կենտրոնում նախագահ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ծանոթացել են զինծառայողների մարտական պատրաստվածության վիճակին: Կենտրոնի սաներն անցկացրել են կրակային խոցման վարժանքներ, իրենց հմտություններն են ցուցադրել հատուկ ջոկատայինները, այդ թվում՝ դիպուկահարները, ներկայացվել են գերժամանակակից զինատեսակներ:
ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են Ստեփանակերտի նորակառույց «Արցախ» թաղամասի բացման արարողությանը: Թաղամասում պետության կողմից անվճար հիմունքներով բնակարաններ են ստացել մի քանի տասնյակ ընտանիքներ: Բնակարանամուտ նշողների մեջ հիմնականում ԼՂ բանակի զինծառայողներ են և արցախյան ազատամարտի մասնակիցների ընտանիքներ:
Իվանյան համայնքում նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը ներկա են գտնվել հիմնանորոգված և ժամանակակից բուժտեխնիկայով հագեցած զինվորական հոսպիտալի բացման արարողությանը:
Օրվա ավարտին հայկական երկու պետությունների ղեկավարները մասնակցել են ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի խորհրդակցությանը:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրություն