Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես Aravot.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Արարատի մարզի Սուրենավան գյուղում կտրել են մեկ հեկտար տարածքում գտնվող մոտավորապես 130-ից 140 ծիրանենիներ։ Բոլոր ծիրանենիները կտրված էին բնից և կտրողը կամ կտրողներն իրենց վանդալիզմը ծառերի հանդեպ կատարելուց հետո բոլոր ծառերը թողել են կանգնած վիճակում, որպեսզի հեռվից նայողին թվա, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Սակայն, երբ ձեռք ես տալիս ծառերին, բոլորը հերթով պառկում են։
Ծիրանենիների դաշտը պատկանում է Սուրենավան գյուղի բնակիչ Եղիշ Սեթյանին, որը գործազուրկ է և զբաղվում է հողագործությամբ։ Ծիրանենիները մոտ 6-7 տարվա ծառեր էին և պետք է այս տարի արդեն բերք տային։
Այս պահին նշված ծիրանենիների տարածքում են հավաքվել Սուրենավանի մեծ թվով բնակիչներ, ովքեր զայրացած իրենց արդարացի վրդովմունքն են հայտնում կատարվածի վերաբերյալ։ Նշում էին, որ ինչպես կարելի է նման վանդալիզմ կատարել. այդ նույնն է, որ երեխան սկսի քայլել և երեխայի ոտքերը կտրես։
Կարդացեք նաև
Արդեն այստեղ են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ռաֆիկ Հայրապետյանի գլխավորությամբ։ Վերջինս հայտնեց, որ ոստիկանության Արարատի բաժնում հետաքննություն է սկսվել։
Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ