Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրգործ` ոստիկանության և դատախազության նախկին պաշտոնյայի նկատմամբ

Հունվար 04,2012 13:43

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր–ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ 48-ամյա Արմեն Հարությունյանի նկատմամբ։

Ինչպես երեկ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենց փողոցում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց, վրաերթի էր ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Հետիոտնը Երևանի բնակիչ 39-ամյա Արամ Մարգարյանն էր, ով տեղում մահացել էր։

Արդեն կեսգիշերին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնի և Երևանի ճանապարհային ոստիկանության, ինչպես նաև ոստիկանության ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարվել էր «ԲՄՎ X5» մակնիշի 10 ՈԼ 100 համարանիշի ավտոմեքենայով։

Երբ ոստիկանության օպերատիվ խումբը մեկնում է Ա. Հարությունյանի բնակության վայր, տանը ոչ ոք չի լինում։ Ինչից հետո արդեն Հարությունյանը հարևանների միջոցով իմանում է, որ իրենց տան մոտ հավաքված են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, և, այլ ելք չունենալով, մեղայականով ներկայանում է ոստիկանության կենտրոնականի բաժնի Նորք-Մարաշի բաժանմունք։

Ավտոմեքենան քննիչ Դավիթ Մարտիրոսյանի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։ Ֆոտոլրագրողը հայտնում է այն մասին, որ Արմեն Հարությունյանը նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում, իսկ հետո էլ ՀՀ գլխավոր դատախազության համակարգում։

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի մոտ հավաքվածները պատմում էին, որ իրականում վրաերթի հեղինակը եղել է ոչ թե Արմեն Հարությունյանը, այլ նրա որդին, ինչը պետք է պարզվի քննության ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031