Այսօր` հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենց փողոցում ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական` դիմել փախուստի: Հետիոտնը փողոցն անցնելիս է եղել անթույլատրելի հատվածով, ով տեղում մահացել է:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցներ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Դեպքի վայր են ժամանել նաև շտապ օգնության և դիակ տեղափոխող բրիգադները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ հայտնաբերելու համար վրաերթի վայրից փախուստի դիմած վարորդին:
Վրաերթի ենթարկվածը 39-ամյա Երևանի բնակիչ Արամ Մարգարյանն էր:
Կարդացեք նաև
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի