Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզում ուժեղացված ծառայություն է կատարվում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ այսօր ժամը 12.00-ից սկսած, Երևան–Արարատ ավտոմայրուղու վրա զինված ավտոմատներով և ռետինե մահակներով ուժեղացված ծառայություն է կատարում ՀՀ ոստիկանության, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Հիմնականում ստուգվում են Վայոց Ձորի և Արարատի մարզերից դեպի Երևան մտնող տրանսպորտային միջոցները
Ֆոտոլրագրողին հայտնի էր դարձել, որ իրավապահները փնտրում են սահմանախախտին, քանի որ հայտնաբերվել են սահմանախախտի հետքեր։
ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը Aravot.am-ին ասաց, թե ինքը տոնական օրերին չի աշխատում եւ ԱԱԾ-ի կողմից ուժեղացված ծառայություն իրականացնելու մասին տեղեկատվություն չունի եւ խորհուրդ տվեց կապվել ՀՀ ոստիկանություն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն էլ Tert.am-ի հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե ոստիկանները փնտրում էին փախուստի դիմած կալանավորի կամ դասալիքի: Ըստ նրա` դրանք ուղղակի ուժեղացված ստուգումներ են, որոնք իրականացվում են զուտ անվտանգության համար: