«Ինքդ չես տեսնո՞ւմ, որ խալխումն էլ հալ չմնաց, եզը վեր են կացնում, տակիցը հորթ ուզում, զոռով մարդկանց կռվացնում են, որ մեջտեղը իրանք մոծակի պես ծծեն՝ արնաքամ անեն. Էլ ոչ դիվան կա, ոչ դատարան, ոչ իրավունք կա, ոչ արդարություն»:
Այս խոսքերի «հեղանակային իրավունքը» ոչ 90-ականների կոմունիստներինն է, ոչ Արշակ Սադոյանինը, ոչ էլ այսօրվա ՀԱԿ-ական քարոզիչներինը: Դա ասել է 1879 թվականին հրապարակված «Հացի խնդիր» վեպի հերոսերից մեկը: Գործողությունն այս վեպում տեղի է ունենում 1840-50-ական թվականներին՝ այսօրվա Հայաստանի տարածքում, իսկ վեպի հեղինակը, եթե չեք մոռացել, Պերճ Պռոշյանն է (լուսանկարում)՝ այն գրողը, որն իր անունն է տվել 10-15 տարի առաջ խորովածանոցներով հայտնի փողոցին եւ այժմ հայտնի ոգելից խմիչքենրի գործարանին:
Արդիակա՞ն է մեջբերված գնահատականն այսօր: Անշուշտ՝ դա այնքան ակնհայտ է, որ չարժե ծավալվել: Բայց կա ավելի հետաքրքիր մի հանգամանք՝ սոցիալական բողոքն արտահայտելու ինտոնացիան նույնպես չի փոխվել ` այս խեղճությունն արձանագրելու մեջ ես ազգային երանգ եմ տեսնում: Իհարկե, բազմաթիվ ազգերի մեջ եղել են եւ կան աղքատներ, եղել են եւ կան իշխանավորներ, որոնք իրենց ժողովուրդներին հարստահարում են: Բայց մեր բողոքի մեջ, ինձ թվում է, կա ինչ-որ հատուկ ընկճվածություն, հուսահատություն, ֆատալիզմ, կա սեփական խեղճությամբ մի տեսակ պարծենալու միտում: Մի խոսքով, ողբ՝ որպես ազգային գեղարվեստական եւ հրապարակախոսական ժանր: