Աֆղանստանում ականի պայթյունից զոհվել է վրացական խաղաղապահ զորախմբի զինծառայող, կապրալ Բեսիկ Նինիաշվիլին։ Այդ մասին տեղեկացրել է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության դեկտեմբերի 31-ի հաղորդագրությունը։
Նինիաշվիլին խաղաղապահ առաքելություն էր իրականացնում Հիլմենդ գավառում։
Այս դեպքից հետո Աֆղանստանում զոհված վրաց խաղաղապահների թիվը հասավ 11-ի։
Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրաց զինծառայողների թիվը այս տարի գրեթե կկրկնապատկվի՝ ներկայիս շուրջ 900-ից հասնելով 1600-ի. Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի համապատասխան նախաձեռնությանը խորհրդարանը հավանություն տվեց անցած տարվա դեկտեմբերի 20-ին։ Այդպիսով, Վրաստանը կդառնա Աֆղանստանում ամենամեծ ռազմական ստորաբաժանումն ունեցող պետությունը ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրներից։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան