Եգիպտոսում վերսկսվել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը։
«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 83-ամյա Մուբարաքին այսօր դատարան են բերել պատգարակով։
Դատավարությունը տեղի է ունենում մայրաքաղաք Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող Ոստիկանական ակադեմիայի շենքում, որի մոտ այսօր տասնյակ մարդիկ են հավաքվել, նրանցից ոմանք Մուբարաքի դեմ ուղղված կարգախոսներ են վանկարկում։ Ներկա են նաեւ բազմաթիվ ոստիկաններ։
Անցած տարվա օգոստոսի 3-ին մեկնարկած դատավարությունը փաստաբանների միջնորդությամբ ընդհատված էր շուրջ երեք ամիս։
Կարդացեք նաև
Մուբարաքը գանգատներ ունի սրտից եւ դատական նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածներում բուժում է ստանում զինվորական հոսպիտալում։
Եգիպտոսը շուրջ երեք տասնամյակ ղեկավարած գործիչը մեղադրվում է 2011 թվականի սկզբին հակակառավարական ակցիաների մասնակիցների վրա կրակելու հրաման տալու մեջ, ինչը հանգեցրել է շուրջ 850 մարդու մահվան: Մեղքն ապացուցվելու դեպքում Մուբարաքին մահապատիժ է սպառնում։
Հոսնի Մուբարաքին առաջադրված է կոռուպցիայի մեղադրանք եւս, որով նրանից բացի դատարանի առջեւ են կանգնել նաեւ ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին, անվտանգության համակարգի վեց նախկին ղեկավար պաշտոնյաներ եւ նախկին նախագահի երկու որդիները՝ Ալաան եւ Գամալը։ Բոլոր այս անձինք ժխտում են իրենց ներկայացված մեղադրանքները։
«Ազատություն» ռադիոկայան