Այսօր` դեկտեմբերի 31-ին, ժամը 18.00-ին, Հանրապետության հրապարակում էին հավաքվել ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 150-ից ավելի ոստիկանական ծառայողական մեքենաներ:
Ինչպես Հանրապետության հրապարակից -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ավշյանը, Երևան քաղաքի վարչության պետ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը և այլ պաշտոնյաներ:
Ոստիկանների հավաքի պատճառը կայանում էր նրանում, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով դեկտեմբերի 20-ից ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության:
Կարդացեք նաև
Այսօր ՀՀ ոստիկանապետը պարեկապահակային ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին ցանկացավ բարի ծառայություն և, որ ամենակարևորն է` այս օրով ոստիկանները քաղաքացիների նկատմամբ լինեն հանդուրժող` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ամանոր է, և հնարավոր է, որ քաղաքացիները մի քիչ էլ գինովցած լինեն:
ՀՀ ոստիկանապետը բարի ծառայություն մաղթեց ոստիկաններին և հայտնեց, որ ամբողջ գիշեր ինքը և ողջ ոստիկանության ղեկավարությունը լինելու են իրենց հետ և, որ ամենակարևորն է, ոստիկանապետը հայ ժողովրդին ցանկացավ խաղաղ օր և Աստծո օրհնություն:
Այդ ամենից հետո ոստիկանները, ըստ ուղեցույցի, մեկնեցին ծառայության:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի