«1500 դրամի կարտոֆիլ կգնեմ, 2000 դրամի` չարազեղեն…1000 դրամի էլ` Քրիստիկիս համար տոնածառի խաղալիք. թող սիրուն տոնածառ ունենա»:
Տիկին Կարինեի ձեռքին ընդամնեը 30.000 դրամ է` նպաստի ու թոշակի հանրագումարի արդյունք, որով էլ փորձում է ինչ-ինչ բաներ գնել Նոր Տարվա համար: Բայց կենսաթոշակ ու նպաստ ոչ թե տիկին Կարինեն, այլ նրա 23-ամյա աղջիկն է ստանում: «14 տարեկանում Քրիստիկս հիվանդացավ, գրիպ ընկավ, հետո խորացավ գրիպը, բարդացումներ եղան, մինչև իսկ, որ աղջկաս հենաշարժական նյարդերը վնասվեցին»,-ասում է կինը:
Քրիստինեն դրա դեմ երկար կռիվ տվեց. ընդհուպ մինչև կարողացավ քայլել բռնվելով, բայց արդեն, երբ հերթը նրան հասավ, որ մարզանքների, ֆիզկուլտուրայի, մերսումների ու բուժման կուրսեր պիտի անցներ, ամեն ինչ բարդացավ. ամեն բան այնքա՜ն թանկ էր: 30.000 դրամով աղջկա մայրը հազիվ կենցաղային հարցերը կամ կարողանում էր լուծել, կամ էլ ` ոչ: Պետպատվերով էլ բուժում չկա նրա համար. միայն անալիզներն են մտնում պետպատվերի մեջ: Ու մինչ հիմա աղջիկը չի կարողանում նորմալ քայլել ու հենվել, դիմում է մոր կամ մնացած հարազատների օգնությանը:
«Ես ընդհանրապես կոտրվող մարդ չեմ, անգամ իմ խնդրի մասին խոսել չեմ սիրում, ուղղակի հասկանում եք, կյանքը անցնում է ինձ մոտով, ես էլ ուզում եմ վայելել այնպիսի հասարակ բաներ, որ ի վերուստ են տրվում Աստծուց: Ցանկությունս միայն նորմալ քայլելն է, իսկ այսօր դա մեծ գումարներից է կախված (գոնե մեզ համար)»,-ասում է Քրիստինեն՝ վերջին խաղալիք ամրացնելով եղևնուն, և հասարակ կանաչազգեստ ծառը վերածվում է տոնածառի: Ու խաղալիքի հետ Քրիստինեն իր երազանքն է պահում. «Երանի մի օր էլ եղևնու նման ինքը իր հրաշք ապրի»:
Տոնածառին խաղալիք կախելով` ես էլ նրա հետ մեկտեղ իմ երազանքն եմ պահում.« Ձմեռ Պապի՛կ, այս տարի աղջկան լիքը առողջություն բեր, իսկ մեծահարուստներին` մեծ հարստությունից զատ բարի կամքի դրսևորման ունակությունը բեր…»:
Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ