Այսօր՝ դեկտեմբերի 31-ին ոստիկանությունը հայտնաբերել է նախօրեին Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ արձակած անձանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ինքնակամ ներկայացել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ, սակայն վարձակալական հիմունքներով Երեւանում բնակվող, 36-ամյա Հովհաննես Բաղդոյանը: Վերջինս ոստիկանությանն է ներկայացրել նաեւ այն ավտոմատ ինքաձիգները, որոնցով դեկտեմբերի 30-ին ժամը 03.50-ի սահմաններում կրակոցներ էր արձակել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 30-ին կրակոցներ էին հնչել Արաբկիր վարչական շրջանի Ն. Տիգրանյան փողոցում գտնվող «Busy» տաքսի ծառայությունում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը Արաբկիրի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ հայտնաբերել էին ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից արձակված 28 հատ 5.45 մմ կրակված պարկուճներ: Ոստիկանությունը հայտնաբերել է նաեւ Ռենջ Ռովեր մակնիշի ավտոմեքենան, որում եղել են Հովհաննես Բաղդոյանն ու Երեւանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Ենոքյանը: Հ բաղդոյանը ոստիկաններին է ներկայացրել նաեւ ատրճանակներ, պահունակներ եւ մեծ քանակի փամփուշտներ:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ