Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ Ձմեռ պապը դու ես լինելու». Ամանորյա նվեր` սիրո խոստովանություն

Դեկտեմբեր 31,2011 16:45

Առաջին հանդիպման, առաջին պահին` Հովսեփին տեսնելով` Տաթեւը հասկացել է` նա է այն տղամարդը, ում կուզեր իր կողքին տեսնել: Տաթեւն է այդ մասին պատմում: Ասում է` երբեք ոչ մի տղայի նկատմամբ նման զգացում չի ունեցել, իսկ իրենով հետաքրքրվող տղաներ միշտ էլ եղել են:

Տաթեւը Հովսեփին տեսել է ընկերուհու հետ հանդիպման ժամանակ` տղան Տաթեւի ընկուրուհու համակուրսեցին է: Հետո Հովսեփը ֆեյսբուք սոցիալական ցանցում ընկերության առաջարկություն է արել համակուրսեցու ընկերուհուն, վերջինս էլ ընդունել է: «Ես ֆեյսբուքում իմ բոլոր ընկերների հետ շփվում եմ, չեմ սիրում, որ պարզապես թվաքանակ ապահովելու համար են այդքան ընկերներ հավաքում: Հովսեփն արդեն մի քանի օր  էր`  ֆեյսբուքում ընկերս էր, բայց չէր գրում: Ես առաջինը գրեցի ու զգուշացրի` եթե թվաքանակ ապահովելու համար է ինձ ընկերության առաջարկություն արել, ջնջելու եմ: Այդպես սկսվեց մեր առաջին խոսակցությունը»,- պատմում է Տաթեւը: Հիշում, որ այդուհետ ամեն օր` ամբողջ օրը զրուցում էին` ամեն ինչից, թեմա չկար, որ չեն քննարկել: Հերթական մի օր էլ` քննարկման ժամանակ, Հովսեփը հանդիպելու առաջարկություն է անում. «Ես էլ հայ աղջիկ, մտածեցի` ո՞նց կլինի, ինտերնետային ծանոթություն է, մի հատ էլ հանդիպեմ: Բայց Հովսեփին կարծես հաջողվում էր ինձ համոզել. ասաց, որ տարբերություն չկա, մենք ամեն օր իրար հետ շփվում ենք, խոսում տարբեր թեմաներից, հիմա էլ ցանկանում է իրականում հանդիպել, իրար ճանաչում ենք եւ պետք է վստահենք միմյանց»,- պատմում է Տաթեւը եւ ժպտում, ասում է Հովսեփի այս խոսքերը կարդալուց անմիջապես հետո դուրս է գալիս սոցիալական ցանցից` իր «տեղը զիջելով» եղբորը: Հետո երկար մտածել, որոշել է, նորից կբացի ֆեյսբուքը, եթե Հովսեփը համացանցում լինի, հեռախոսի համարը կգրի, եթե այնտեղ չլինի, ամեն ինչին էլ վերջ կտա: «Նորից մտա, տեսա օն-լայն է, բացի դրանից էլ` մի քանի նամակ է գրել` նախատելով ինձ` ինչի՞ եմ առանց պատասխան տալու դուրս եկել ցանցից: Ես էլ, առանց ուրիշ բառ գրելու, թողեցի հեռախոսիս համարը եւ նորից դուրս եկա ցանցից»,- հիշում է Տաթեւը: Հաջորդ օրն էլ`  համալսարանական քննությունից հետո, նրանց  առաջին հանդիպումն էր: Տաթեւն ասում է` հենց այդ օրն էլ` Հովսեփին սպասելուց տեսնելով` հասկացել է, որ կուզեր  հենց նրան տեսնել իր կողքին: «Երկար խոսեցինք, տարբեր թեմաներ քննարկեցինք, ինչպես մնացած ժամանակները»,- ասում է Տաթեւը: Երկրորդ հանդիպմանն էլ արդեն մոռանում են` իրենք որպես ընկերներ էին ուզում իրար ճանաչել, Հովսեփը միանգամից խոստովանում է, որ զգացմունքներ ունի, Տաթեւն էլ` ոչինչ չի ասում, պարզապես ընդառաջում է Հովսեփի` իր  ձեռքը բռնելուն: «Ամեն ինչ շատ արագ ստացվեց, կարծում եմ` նրանից է, որ երկար ժամանակ է` ճանաչում էինք իրար»,- ասում է Տաթեւը:

Հովսեփի եւ Տաթեւի միջեւ սիրային հարաբերություններ սկսելուց որոշ ժամանակ անց տղան գնում է Մոսկվա` Տաթեւն էլ հասկանում է իրավիճակի կարեւորությունը եւ համակերպվում: Արդեն մեկ տարի է, ինչ այնտեղ է, բայց մի քանի անգամ եկել է Հայաստան: «Եթե սիրում ես, հասկանում ես, իհարկե դժվար է հեռավորությանը դիմանալը, կարոտը խեղդում է, բայց քեզ համոզում ես, որ դա քո սիրելիին անհրաժեշտ է»,- ասում է Տաթեւը, անկեղծանում` իր համար զբաղմունք է անընդհատ փնտրում, որ շատ չտարվի զգացմունքով եւ մելանխոլիկ չդառնա: Մոսկվայից առաջին անգամ Հովսեփի գալու մասին էլ չի իմացել: Զանգել են տղայի ընկերները, Տաթեւին ասել, որ Հովսեփը ինչ-որ բան է ուղարկել եւ ցանկանում են փոխանցել, պայմանավորվել են հանդիպման համար: Տղաները մոտեցել են, խոսել Տաթեւի հետ, իսկ նրա մեջքից մոտեցել է Հովսեփը. «Մեծ անակնկալ էր, փաթաթվել էի նրան եւ ուրախությունից բարձր լաց էի լինում»:

Հեռավորության վրա գտնվելու ամենամեծ բարդությունը տարբեր տոներին միմյանց անակնկալներ պատրրաստելն է: Տաթեւն ասում է` Հովսեփին հաջողվում է Մոսկվայից նվերներ ուղարկել եւ այլն. «Բայց ես աղջիկ եմ, իմ գործը ավելի դժվար է», – «նեղվում է» նա, նշում, որ լավ է` համացանցն էլ կա. «Հովսեփի ծննդյան օրը իմ ձեռքով տորթ էի թխել: Իհարկե նա չկերավ իմ պատրաստած տորթը, մենք ` ընտանիքով վայելեցինք, բայց նա նկարը  տեսավ, անակնկալն էլ նրա դուրը շատ եկավ»:

Տաթեւն Ամանորին էլ չգիտեր  սիրելիին ինչպես անակնկալ մատուցել: Դիմեց «Առավոտ երիտասարդականին», ցանկացավ հրապարակային իր անսահման մեծ սերը խոստովանել Հովսեփին  եւ այսպես  շնորհավորել նրա Նոր տարին. «Սերը փոխադարձ հարգանք է, վստահություն, իրար հասկանալու կարողություն,  ունակություն` սիրելիի աշխատանքը, թերությունները եւ առավելությունները սիրելու,- ասում է Տաթեւը, ավելացնում,- մեր սերը նման է տարվա եղանակին, ամեն տարի փոխվում է` ավելի գեղեցիկ դառնում. գարնան նման միշտ թարմ է, ամռան պես ուրախ, առողջ, աշնան նման ռոմանտիկ, ձմռան պես սթափ»: Սիրելիին ասում է, գիտի` իրենց համարյա բոլոր ցանկությունները համընկնում են , ուզում է` դրանք իրականան եւ խոստովանում սիրելիին. «Վստահ եմ` իմ Ձմեռ պապը դու ես լինելու»:

 

Happy New year my DEAR!!! It’s our LOVE XMas tree,,,it’s white as our love is honest and it’s red as our passion!!!

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031