Այսօր` դեկտեմբերի 31-ի կեսօրից, Նոր տարվա շեմին, Նոր տարուց ընդամենը 12 ժամ առաջ մեր ջուրը կտրեցին: Առանց զգուշացնելու, առանց պատճառի: Պարտք չունենք, ունենք Ամանորի հետ կապված հաճելի հոգսեր, որ առանց ջրի դառնում են` լուրջ պրոբլեմ ու գլխացավանք:
«Երեւանջուրն» առաջին տարին չէ, որ ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼ Է (ընդգծում եմ՝ ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼ Է) մեզ 24 ժամ անխափան ջուր մատակարարել: Ու անում էր դա բարեխիղճ, մի քանի տարի: Մինչեւ այս տարվա ամառ: Ամռանից սկսվեց անհասկանալին: Գիշերները մեր ջուրը անջատում էին. էլի առանց զգուշացնելու, առանց պատճառի: Դե ասում էինք, ոչինչ` չէինք նեղվում, կարեւորը ցերեկով ջուր ունենք: Մենք առանց որեւէ բողոքի շարունակում էինք կատարել մեր պարտականությունները` վճարել թե ստացած, թե չստացած ջրի դիմաց: Հետո մեր հարեւանները սկսեցին իրար մեջ խոսել, թե մեր ջրատարին է միացել չգիտեմ որ օլիգարխի հերթական «օբյեկտն» ու մեր ջուրը գիշերը կտրում են, որ էդ օբյեկտը ջուր հավաքի: Էլի ասացինք` ոչինչ, անջուր չենք, ծարավ ու կեղտոտ չենք:
Բայց «Երեւանջուրը» սխալ հասկացավ սա ու անջուր գիշերները դարձան սովորական: Իսկ հիմա երբ «Երեւանջրի» պարտականությունների ամենօրյա խախտումները դարձան Ամանորյա լուրջ խախտում, պարզ էր, որ «Երեւանջրի» կառավարիչ Veolia Ջուր ընկերությունը, որ ֆրանսիական ընկերություն է եւ իրեն միջազգային օպերատոր է անվանում` հայկական բիզնես է անում. նախընտրում է երեւալ ոչ պրոֆեսիոնալ, աշխատանքում` փնթի ու անբարեխղիճ, միայն թե չտուժի մի օլիգարխ, սովորական բաժանորդները կարեւոր չեն:
«Երեւանջուր» ընկերության կառավարումը ստանձնելիս Veolia Water ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն ասել է. «Մեր առաջարկն հաջողություն ունեցավ ոչ միայն իր տեխնիկական որակի, այլև հաճախորդների համար ծախսային արդյունավետության համար: Այս պայմանագիրը մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ապացուցելու, որ անցումային երկրներում ջրային ծառայությունների բնագավառում հանրային և մասնավոր սեկտորների համագործակցությունը գրավիչ լուծում է բոլոր շահառուների` պետական մարմինների, սպառողների և օպերատորի համար»: Այսօր ինձ համար գրավիչ ոչ մի բան չկա: Կա անտեղյակություն, օպերատորի անբարեխիղճ վերաբերմունք ու լարված եւ անջուր սպասում:
Կարդացեք նաև
<Երեւանջուր> ընկերության կայքում գրված է, թե ընկերությունը հինգ արժեք է դավանում. «1. Հաճախորդի արժեվորում. Ուշադիր և մասնագիտորեն լսելու, ինչպես նաև կանխատեսելու և հաճախորդի կարքիներին համապատասխան գործելու մեր ունակություններն արտացոլում են մեր հանձնառությունն ամուր, երկարատև հարաբերություններ կառուցելու գործում:
2. Պատասխանատվություն . Մենք գիտակցում ենք մեր առօրյա գործողությունների ազդեցության չափը բնակչության կենսապայմանների բարելավման վրա: Երբեք չմոռանալով, թե ինչպես մեր գործունեությունը կարող է ազդել մեր աշխատակիցների և ընդհանրապես հասարակության վրա, գործում ենք` առաջնորդվելով ընդհանուր շահերի սկզբունքով: Պատասխանատու յուրաքանչյուր անձ պարտավոր է լիովին ստանձնել իր աշխատանքի ընթացքում կայացրած որոշումների և իր թիմերի համար պատասխանատվությունը» եւ այլն:
Այսօրվա մեր անջուր վիճակը չի վկայում բարեխիղճ վճարող հաճախորդին արժեվորելու եւ պատասխանատու զգալու «Երեւանջուր» ընկերության պահվածքի մասին: Ընկերությունը կայքում գլուխ է գովում, թե 332 750 հաճախորդ, 1450 աշխատակից, 8,9 միլիարդ դրամ դրամաշրջանառություն, 2120 կմ ջրամատակարարման, 1060 կմ ջրահեռացման ցանցեր ու 215 կմ հեղեղատարներ ունի: Ու այս ռեսուրսով, փաստորեն չի կարողանում կատարել իր պարտավորությունները:
Ես չեմ բացառում, որ 332 750 հաճախորդների մեջ կան անբարեխիղճներ, որ ջուր են գողանում կամ չեն վճարում սպառած ջրի դիմաց: Չեմ բացառում, որ նման հաճախորդ կարող է լինել մեր կամ հարեւան շենքում, մեր ջրատարից սնվող շենքերում: Բայց դա իմ խնդիրը չէ: Ընկերությունը թող իր իրավունքներին տեր կանգնի: Ինչպես ես` իմ, երբ զայրացած փորձում էի «Երեւանջուր» ընկերության 1-85 համարով զանգել ու մի բան իմանալ, բայց հեռախոսահամարը համառորեն ծանրաբեռնված էր ու պատասխանող չկար: Փոխարենը կարողացա գտնել ընկերության մամուլի քարտուղարին ու իմ բողոքները փոխանցել նրան: Սա էլ դարձավ «սեւ սրտի մխիթարանք». նա ինձ լսեց եւ միայն:
Իմ կիսափչացած տոնի համար մեղավոր է միայն «Երեւանջուր» ընկերությունը: Ու տոներից հետո այս թեմային դեռ կանդրադառնամ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ. Նկարը վերցված է «Երեւանջուր» ընկերության կայքից, որի թերացումների արդյունքում ոտնահարվում է մաքուր, որակյալ ջուր ունենալու մեր իրավունքը:
Այո,ճի՜շտ եք ասում։” Երևան ջուր” ընկերությունը շատ է խախտում բաժանորդների-քաղաքացիների իրավունքները։ Պետք է լրջագույն ձևով ստուգումներ անցկացվի և ենթարկվի պատասխանատվության!