Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը և օգտագործելը) հատկանիշներով: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 30-ին ժամը 03:50-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արաբկիր վարչական շրջանի Ն. Տիգրանյան փողոցում գտնվող «Busy» տաքսի ծառայությունում:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկանության օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել և առգրավվել է «ԱԿՍ-74» տիպի ինքնաձիգից արձակված 28 հատ 5,45 միլիմետր տրամաչափի կրակված պարկուճներ:
Դեպքի վայրում հավաքվածներրը ֆոտոլրագրողին պատմել են, որ գիշերը «Ռենջ Ռովեր» մակնիշի 30 ՕՏ 296 համարանիշի ավտոմեքենայով անհայտ անձը նախ վնասել է տաքսի ծառայության երկաթյա դարպասը, ապա ավոտամատով կրակոցներ արձակել ծառայության ուղղությամբ:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ Արաբկիրի ոստիկանության ձեռնարկած օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան և կրակոցներ արձակած անձը, որը Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Ենոքյանն է: Վերջինս քննիչի որոշմամբ, ձերբակալվել է:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները ձեռնարկում են օպերատիվ գործողություններ, որպեսզի հայտնաբերվեն նաև ինքնաձիգերը: