Լրահոս
Օրվա լրահոսը

«2011թ. հասկացա, որ Հայաստանում ՄԻՊ-ը գործում է գրեթե մենակ»

Դեկտեմբեր 31,2011 11:52

Հատվածներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հարցազրույցից

-Մարդու իրավունքների  պաշտպանության (ՄԻՊ) ինստիտուտի կայացման տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք 2011 թվականը:

 –Ես 2011թ. հասկացա, որ Հայաստանի Հանրապետությունում  Մարդու իրավունքների պաշտպանը գործում է գրեթե մենակ: Այսինքն՝ չկա ոչ մի տեսակ իրական մտահոգություն, աջակցություն, անհանգստություն որևէ կողմից: Անշնորհակալ կլինենք, եթե չասենք, որ մեզ աջակցել են տարբեր կառույցներ, կազմակերպություններ, անհատներ, բայց չենք կարող ասել, որ եղել են այնպիսի մարդիկ, կազմակերպություններ, ուժեր, որ մեզ հետ մտահոգվել են՝ ինչպես ուժեղացնել պաշտպանի ինստիտուտը:

Ես տեսնում եմ, որ մարդկանց ուշադրությունն իրենց իրավունքների ուղղությամբ բավականին մեծացել է Հայաստանում: Գործում են հասարակական կազմակերպություններ, որոնք մտածում են իրենց ոլորտում ինչ կարողանում են’անեն, իսկ թե ՄԻՊ ինստիտուտը կզարգանա, թե՝ ոչ, իրենց չի հետաքրքրում: Այս իմաստով՝ 2011թ. կան մեծ ձեռքբերումներ ՄԻՊ գրասենյակի և տարբեր անհատների ու ՀԿ-ների համագործակցության առումով: Եվ այն աշխատանքը, որ մենք ենք նախաձեռնել և առաջարկել, այդտեղ ունենք արդյունքներ:

Այս տարի բազմաթիվ էին լրատվամիջոցների դեմ հայցերը. դուք որոշ քայլեր ձեռնարկեցիք՝ Տեղեկատվական վեճերի խորհուրդ ստեղծվեց, դիմեցիք Սահմանադրական դատարան (ՍԴ). գո՞հ եք այդ նախաձեռնությունների արդյունքից:

– Տեղեկատվական վեճերի խորհուրդը բավական քիչ արդյունավետություն ցույց տվեց: Ես նախ դիմեցի դատավորներին՝ խնդրելով լավ կիրառել օրենքը, որովհետև դա իմ առաջարկը չէ, այլ Եվրոպական դատարանի և մեր օրենսդրության պահանջն է: Եղավ օրենքի բավական տհաճ կիրառություն (աղմուկը տեղին էր և արդարացի), որից հետո ես առաջարկեցի ստեղծել մի հեղինակավոր և անշահախնդիր մարմին՝ խորհուրդ, որը  կօգնի արդարադատությանը: Մարմինը շատ որակյալ աշխատանք է անում, բայց արդյունքները գոհացուցիչ չեն:

Ես արեցի հաջորդ քայլը՝ դիմեցի ՍԴ, որպեսզի իրավական ճնշում լինի վատ դատավորի վրա: Արդյունքը մաքսիմալիստական չէր, բայց շատ դրական էր, որովհետև հիմա կա ՍԴ մի որոշում, որը շատ բացեր լրացրեց և թույլ չի տա դատավորին ապօրինի որոշումներ կայացնել:

Այս ամենով հանդերձ՝ ես համարում եմ, որ տարին այս ոլորտում չափազանց արդյունավետ էր, բայց դրա մասին շատ չեմ խոսում, որովհետև, ցավոք սրտի, լրագրողական աշխարհում այնքան են անձամբ ինձ և մեր ինստիտուտի աշխատանքը սևացրել, որ հոգնել եմ նույնիսկ արձագանքելուց: Ուղղակի արել եմ գործս՝ առանց սպասելու գնահատականի: Եվ ամփոփելով՝ կարող եմ ասել, որ 2011թ. իմ աշխատանքը հենց խոսքի ազատության, զրպարտության և վիրավորանքի հոդվածի մասով գնահատում եմ բավական դրական և արդյունքն էլ այնպիսին, որ 2012թ. բարեխիղճ, ազնիվ լրագրողները կարող են ավելի վստահ գործել: Իհարկե, կան ռիսկեր, որ արտավոր դատավորի դեպքում գուցե լինի անարդար վճիռ, բայց դա արդեն համակարգային հարց չէ: Համակարգային հարցը լուծված է, իսկ անհատական գործերով, եթե լինեն անարդար վճիռներ, դրանց կարձագանքի հասարակությունը, և ես էլ որպես պաշտպան կփորձեմ միջամտել:

Բանակում մարդու իրավունքների իրացման և պաշտպանության մակարդակը գոհացուցիչ չէ, դա են վկայում  բանակում տեղի ունեցող միջադեպերը:  Քաղաքացիական հասարակության անդամները և բողոքի ակցիաների մասնակիցներն առաջարկում էին ունենալ  առանձին զինվորական օմբուդսմեն:  Ի՞նչ եք կարծում, սա իրատեսակա՞ն պահանջ է:

Եթե պետությունը կարողանա մեզ տալ 5-6 լրացուցիչ աշխատողների հնարավորություն, ում գործը կլինի զորամասեր գնալը՝ մենք չենք զլանա: Այսինքն՝  բացել նոր զինվորակնա օմբուդսմեն իր շենքով և այլնով՝ ծիծաղելի է, երբ դու չես կարողանում թեկուզ 3-4 աշխատող ավելացնել: Այնպես որ, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել զինվորական օմբուդսմենի հարցը: Ոչ թե նրա համար, որ խանդով եմ վերաբերում, այլ ես կողմ եմ՝  թող լինի բաժին, ես տեսնեմ արդյունավետությունը, հետո ես ինքս հանդես կգամ իրենց առանձնացնելու նախաձեռնությամբ. դրա ներուժը պետությունը դեռևս չունի:

Զինվորական գործերով մենք ունենք երկու մաս,որից մեկը դարձյալ դատական է: Եթե մենք ունենանք արդար դատաքննություն, եթե մենք ունենանք մեկ բացահայտված, ճիշտ պատժված դեպք, դա կկանխի հետագա հանցանքները:

Բանակում կան խնդիրներ կարգապահության հետ կապված: Երբ մենք , ՀԿ-ներն ասում ենք, որ պատժելիության  մակարդակն այնպիսին չէ, ինչպիսին մենք պատկերացնում ենք, որոշ պաշտոնյաներ սրտնեղում են: Դա չի նշանակում, թե բարձրագույն ղեկավարներն աչք են փակում՝ ոչ: Մենք ինչ հարց բարձրացնում ենք իրենք պատրաստակամ են լուծել խնդիրը:

Հարցը նրանում է , որ բանակում դեռևս  ստորին և միջին օղակներում մեկ ապտակին, մեկ հայհոյանքին, մեկ որևէ տեսակ արժանապատվությունը նվաստացնող երևույթին համարժեք արձագանք չի լինում: Դրա համար մենք բոլորս խնդիր ունենք հասկանալու կոնկրետ ո՞նց անել, որ երբ զինվորները սկսում են իրար հայհոյել, երբ սպան սկսում է այլանդակություններ թույլ տալ փոքր  չափերով, դա բացահատվի և կանխվի հենց սկզբից, որ դա չդառնա սպանություն:

Եթե ՀԿ-ները, նախաձեռնությունները, ՄԻՊ-ը, գլխավոր շտաբն առանց  իրար քարկոծելու շարունակենք աշխատել, կկարողանանաք մեկ զինվորի մյուսին ապտակելու մասին շուտ իմանալ և շուտ խնդիրները լուծել: Սա է 2012թ. մեր ծրագիրը, ցանկությունը: Մենք ունենք արդեն որոշակի միջոցներ սիստեմատիկ մոնիտորրինգներն ավելի հաճախ դարձնելու համար:

– Ինչո՞ւ չստացվեց ձեր համագործակցությունը բնապահպանների հետ. ՀԿ-ների հետ տարբեր ոլորտներում համագործակցության հուշագրեր ստորագրեցիք, բայց բնապահպանները բոյկոտեցին այն և չստորագրեցին։

– Գիտեք, հիմա Քաջարանի հետ կապված մենք բնապահպանների հետ աշխատում ենք, իրենք են խնդիրը բարձրացրել, մենք մեր նախաձեռնությամբ սկսել ենք ուսումնասիրել: Համագործակցության էլեմենտներ եղել են, կան և կարծում եմ ՝ կլինեն։

Հուշագիրը չստորագրվեց, ընդհանուր մի անհասկանալի ձևակերպմամբ: Շրջակա միջավայրը պաշտպանող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների տված ոչ պաշտոնական, բանավոր զրույցների տեսքով պատճառաբանությունն ինձ համար ապշեցուցիչ էր: Ես ստիպված եմ բարձրաձայնել, որովհետև իրավապաշտպան կազմակերպություններից մի քանիսն ինձ ասացին, որ  իրենք չեն ստորագրում մեզ հետ հուշագիր, որովհետև մենք հուշագիր եք ստորագրել սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող ՀԿ-ի հետ: Հիմա ես պաշտոնական գրություն,նամակ չունեմ  այս պատճառաբանությամբ, բայց բանավոր  բացատրությունը, որը տրվեց ապշեցուցիչ էր, որ իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ սեռական փոքրամասնություններն ընդհանուր փչացնում են շրջակա միջավայրը, հետևաբար իրենց հետ աշխատող օմբուդսմենը վնասում է շրջակա միջավայրը։

Քանի որ համագործակցությունն ինձ համար ինքնանպատակ չէ, այլ սահմանադրաիրավական արժեքների պահպանման ձև է, ես չեմ կարող հակասահմանադրական քայլ անել և խտրականության անել մի կազմակերպությանը, որ հուշագիր ստորագրեմ մյուս կազմակերպության հետ։

Հարցազրույցը՝ Աղավնի Եղիազարյանի
Աղբյուրը՝ www.hra.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031