Սիրելի զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ:
Ավարտին է մոտենում 2011 թվականը: Հաշված ժամեր հետո մենք ազգովին կդիմավորենք ԱՄԱՆՈՐԸ:
Պարտք ու պատիվ եմ համարում նախ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր այս պահին մարտական հերթապահություն են կրում առաջնային գծում և ռազմական կարևորագույն օբյեկտներում, ովքեր ծառայությունը շարունակում են անձնակազմի մշտական տեղակայման վայրերում և պատրաստ են ցանկացած պահի կատարել իրենց առջև դրված խնդիրը:
Կարդացեք նաև
Այս տոնական երեկո առանձնակի հարգանքով կցանկանայի հիշել և մեծարել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքի գնով կերտեցին հաղթանակ: Փառք ու պատիվ մեր անմահներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, նրանց ընտանիքներին ու հարազատներին, ողջ հայությանը:
Հավատացած եմ, որ այս երեկո` հայոց օջախներում բացված սեղանների շուրջ ամենաանկեղծ ու հիշարժան կենաց-խոսքը կհնչի ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ պատվին: Որովհետև նրանք արժանի են նման ուշադրության, որովհետև ինչպես ամեն մի տոնական օր, այնպես էլ Ամանորը, գեղեցիկ ու բովանդակալից է նախ և առաջ մեր երեկվա զինակիցների և այսօրվա զինվորի վաստակած ու պահպանվող խաղաղությամբ:
Ավարտելով խոսքս, թույլ տվեք բանակի հրամանատարության և անձամբ իմ անունից հավաստիացնել, որ մեր զինված ուժերը մշտապես պատրաստ են իրականացնելու պետական անվտանգության ապահովման պատվավոր առաքելությունը և, միաժամանակ, շնորհավորել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտում նահատակված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ու ողջ հայությանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Թող յուրաքանչյուրիս համար 2012 թվականը լինի համազգային իղձերի և նպատակների իրագործման տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: